Հասարակություն 

Դժվար է տարբերակում մտցնել՝ անձը նույն հակաբիոտիկը գնում է մարդո՞ւ, թե՝ անասունի համար. Փոխնախարար

Այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարության նիստի ժամանակ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նախագիծ, որի ընդունումից հետո մի շարք դեղեր դեղատներից բաց են թողնվելու միայն դեղատոմսով: Խոսքը մասնավորապես վերաբերում է հսկվող դեղերին, դեղանյութերին, թմրամիջոցներին և հոգեմետ նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող, ինչպես նաև համակարգային ազդեցության, հակավարակային միզոտրոպ պարունակող ղեղերին: Որոշումը դեղատոմսով դուրս գրվող դեղերի մնացած մասի վրա կազդի միայն 2023 թվականից հետո: Որոշումից հետո փոփոխվող կարգը վերաբերելու է միայն դեղերի 13 տոկոսին:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն առաջարկեց նախագծից դուրս բերել այն դեղերի մասին դրույթը, որոնք վերաբերում են անասնաբուժությանը, քանի որ մասնագետների պնդմամբ, դա կարող է վատ ազդեցություն ունենալ ոլորտի վրա: Փոխնախարարը միաժամանակ նշեց, որ աշխատանքներ են տարվում անասնաբուժության մասին օրենքում փոփոխություններ կատարելու համար:

Առողջապահության փոխնախարարը նշեց, որ անասնաբուժական դեղերի մասով կարգավորում չանելու դեպքում ընդհանուր կարգավորումը թերի կլինի. «Շատ դժվար է տարբերակում մտցնել՝ անձը դեղատնից նույն հակաբիոտիկը գնում է մարդո՞ւ, թե՝ անասնաբուժական նպատակներով: Մենք որոշակի ռիսկեր ենք տեսնում, որ թերի կարգավորում կունենանք: Մենք առաջարկում ենք, որ իրենց օրենքի ընդունումից հետո մեր կողմից ներկայացված դրույթները դադարեցնել և նրանց օրենքը կիրառել»:

Վարչապետի հարցին՝ շատ են արդյո՞ք դեղերը, որոնք և՛ մարդկանց բուժման համար են օգտագործվում, և՛ կենդանիների, փոխնախարարն ասաց, որ խոսքը վերաբերում է հակաբիոտիկներին, որոնք կարող են կրկնվող լինել:

Ի վերջո կառավարությունը որոշեց նախագիծը վերադարձնել կոմիտե, կրկին քննարկել այն:

Նույն շարքից