Այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով BBC-ի հայտնի հոդվածի մասին՝ կապված Մարտի 1-ի իրադարձությունների հետ և պատասխանելով հարցին, թե ինչպես է հնարավոր եղել, որ նման փաստաթղթեր հայտնվեն արտասահմանյան լրատվամիջոցի տրամադրության տակ, ասաց, որ հարցը պետք է ուղղել քննչական մարմիններին, նրանք հստակ պատասխաններ կտան:
«Անվտանգության տեսանկյունից լավ կլիներ, որ այդ փաստաթղթերը չհայտնվեին, բայց եթե հայտնվել են, արդեն քննչական մարմինները պետք է պատասխանեն»,-ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքերով, չկա մի երկիր, որտեղ գաղտնիության հարցը լուծված լինի. «Այդ հարցի հետ առնչվում են բոլորը, «wikileaks»-ը դրա վառ օրինակն է, որ նույնիսկ ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ փաստաթղթերը հայտնվել են լրատվամիջոցում: Մենք ապահովագրված չենք, բայց աշխատում ենք դա մինիմումին հասցնելու համար»:
ԱԽ քարտուղարն ասաց, որ ամեն ինչ արվում է առհասարակ արտահոսք թույլ չտալու համար՝ պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք վտանգ, որ գաղտնի փաստաթղթեր կարող են հայտնվել թշնամական երկրի տրամադրության տակ:
Լրագրողի հարցին, թե երաշխավորում է արդյո՞ք ինքը, որ BBC-ի մոտ հայտնված փաստաթուղթն այնտեղ չի հասել իշխանությունների կամ պաշտոնատար անձանց աջակցությամբ, Գրիգորյանն ասաց, որ պատասխանատու մարմինը պետք է զբաղվի հարցով՝ պարզելու համար, թե ինչպես են դրանք լրատվամիջոցի ձեռքում հայտնվել․ «Այս պահին վաղ է այդ մասին խոսելու համար»:
ԱԽ քարտուղարին մտահոգում է արտահոսքը, կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի արտահոսք չլինի. «Պետք է հետաքննել, ուսումնասիրել ու հասկանալ»: