«Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցներն այսօր կառավարության նիստից հետո հանդիպել են կառավարության անդամներին: Այս մասին Analitik.am-ին ասաց «Հյուսիս-հարավ»-ի 25 ենթակապալառու ընկերությունների ներակայացուցիչ Գուրգեն Հովհաննիսյանը:
Նշենք, որ «Հյուսիս-հարավ»-ի մեջ ներգրավված ընկերությունները սպառնում էին երկու օր առաջ փակել Աշտարակ-Ուջան հատվածը, քանի որ իրենց աշխատանքի դիմաց ամիսներ շարունակ վարձատրություն չէին ստացել:
«Մեր կատարած աշխատանքի դիմաց մեզ 2 մլրդ դրամ պարտք են, մենք աշխատել ենք 2018 թ-ի օգոստոս ամսից մինչև դեկտեմբեր և մեր կատարած աշխատանքի դիմաց չենք վարձատրվել»,-ասաց նա:
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ 2019 թ-ի հուլիսի 31-ին Հայաստանի կառավարությունը պայմանագիրը խզել է իսպանական «Corsan-Corviam Construccion SA» ընկերության հետ, որը դեռևս 2012 թ-ին շահել էր «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ և Աշտարակ-Թալին հատվածների վերակառուցման աշխատանքները, իսկ «Հյուսիս-հարավ»-ի՝ Աշտարակի հատվածի շինարարությունն ավարտելու համար պետք է կրկին մրցույթ հայտարարվի. գործն առկախ է:
Իսկ թե ինչու իսպանական ընկերությունը 2018 թ-ին չի վճարել կատարված աշխատանքի դիմաց, Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ընկերության ներկայացուցիչներն իրենց ասում էին, որ կառավարությունն իրենց պարտք է 33 մլն դոլար, երբ կվճարեն, իրենք էլ ենթակապալառուներին կվճարեն, իսկ կառավարությունից փոխանցում են, որ վճարել են:
Ըստ Հովհաննիսյանի, մայիսի 31-ին իրենք հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանի հետ, ովքեր վստահեցրել են, որ 45 օրվա ընթացքում խնդիրները կլուծեն, սակայն անցել է 70 օր և որևէ արձագանք չկա:
Նշենք, որ օրերս «Հյուսիս-հարավ»-ի ենթակապալառուները պատրաստվում էին փակել Աշտարակ-Թալին ճանապարհը, սակայն նրանց հրավիրել են ոստիկանություն: Այնուհետև տեղեկացրել, որ այսօր կառավարության նիստից հետո պատասխանատուները հանդիպելու են «Հյուսիս-հարավ»-ի ենթակապալառուների ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակի շուրջ լուծումներ գտնելու համար:
Գոհար Ստեփանյան