Այսօր՝ օգոստոսի 8-ին, կառավարության նիստից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով կառավարության մոտ ակցիա անող տնտեսագիտական համալսարանի դասախոսների մասին, ովքեր կարծում են, որ սեպտեմբերից մոտ 200 դասախոս կազատվի աշխատանքից, ասաց, որ մրցույթի արդյունքների վերաբերյալ դասախոսները դիմել են դատարան, գործընթացը կարգավորվելու է օրենքի սահմաններում:
Հարությունյանը ոչ անառողջ մթնոլորտ չի տեսնում բուհում. «Նորմալ, առողջացման գործընթացներ են ընթանում: Բնականաբար, դա որոշակի դիմադրության պետք է հանդիպի: Բայց եթե կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունը դրանց կանդրադառնա»:
Նախարարը նշեց, որ բողոքողներից մեկը ժամանակին ուզում էր ռեկտոր դառնալ. «Հիմա ռեկտորի պաշտոնակատարն այլ մարդ է, այս ուղղությամբ են գնում»:
Հարությունյանը նաև տեղեկություն չունի այն մասին, որ 200 դասախոս դուրս է մնալու. «Ես տեղեկություն ունեմ, որ տեղի է ունեցել մրցույթ և նոր կարգ է սահմանվել: Ըստ այդ կարգի, լավագույն դասախոսները կշարունակեն դասավանդել: Առհասարակ բուհերում մենք ունենք ուռճացված համակարգեր»:
Հարությունյանը չգիտի, թե գործընթացում քանի դասախոս կկորցնի աշխատանքը. «Բուհերը բավականին մեծ ինքնավարություն ունեցող հիմնարկներ են: Հիմա նույն տնտեսագիտական համալսարանը դառնում է հիմնադրամ, որպեսզի ավելի մեծ ազատություն ունենա: Հարցերը պետք է բուհերում լուծվեն, եթե ոչ, գնան դատական ճանապարհով, որով գնացել են դասախոսները: Ես ողջունում եմ դա: Իսկ հանդիպելու մասով խնդիրներ չունեմ, կարող եմ հանդիպել»։