Քաղաքական 

«Հայկ Մարությանը կանացի հագուստ կհագնի ու ավելը ձեռքին կշրջի Երևանում»

Հերթական անգամ քաղաքական իշխանությունն ապացուցեց, որ վախերի մեջ է: Այս մասին քաղաքապետարանի մոտ ակցիա անելու ժամանակ բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը. «Այս անգամ մենք բերել էինք կանացի զգեստ, որը հագնելու է պարոն քաղաքապետն իր խոստումները չկատարելու, սուտ խոսելու և քաղաքացիներին մոլորության մեջ գցելու համար: Նա կհագնի այդ կանացի հագուստները ու կշրջի քաղաքում, միգուցե ավելներից երկուսն էլ կամ մեկը կտանք ձեռքը: Հաջորդ ակցիայի ժամանակ մենք կտանենք մի քանի պամպերս, որ գրասեղանի տակ մտնելու փոխարեն հագնեն, համարձակություն ունենան ու իջնեն, պատասխան տան քաղաքացիներին»:

Աղեկյանը նշեց, որ քաղաքապետարանում մի ողջ թիմ է աշխատում ու աշխատավարձ ստանում դիմումներին պատասխանելու համար: Նա ասաց, որ հուլիսի 22-ին դիմել են քաղաքապետարան, սակայն մինչև հիմա պատասխան չեն ստացել:

Ավագանու նախկին անդամը նշեց, որ այսօր Երևանն աղբի մեջ է, մասնագետները պնդում են, որ Երևանում էպիդեմիական վիճակ է. «Երևանում Հանրային տրանսպորտով երթևեկելիս բոլորս շախմատի ձիու կարգավիճակում ենք հայտնվում: Օրեր առաջ քննարկոմներից մեկի ժամանակ բժշկուհին պնդեց, որ մարդիկ ավելի շատ են ողնաշարի հիվանդություններով դիմում հիվանդանոց: Իսկ քաղաքապետն ընտրություններից առաջ բեմերի վրա ցատկոտում էր իր մասնագիտությանը համաձայն և քվե ուզում: Նա ասում էր, որ հանրային տրանսպորտը կարգավորելն իր պատվի հարցն է: Նա գետնեն է շպրտել իր պատիվը: Նա համարձակություն պետք է ունենա ու ժողովրդին ասի, որ խաբել է»:

Աղեկյանն ասաց, թե ուզում է, որ Հայկ Մարությանը մնա Կարգին Հայկո. «Նրա մոտ չստացվեց քաղաքապետ դառնալ»:

Նույն շարքից