Հասարակություն Բարի օր 

Օրենքով գողերի մեծ մասը գրպանահատներ են եղել. Կա ոստիկանության պատվի հարց. Պետրոսյան

Այսօր գործող օրենքով գրպանահատության դեպքում, եթե տուժող կողմը հրաժարվում է բողոքից, ոստիկանությունը անելիք չի ունենում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյանը:

Պետրոսյանը նշեց, որ փոփոխություններ են նախատեսվում, որոնց արդյունքում 5 հազար դրամից մինչև 500 հազար դրամի գողության դեպքում տուժողի կողմից բողոքի բացակայությունը չի խանգարելու գործի հետագա ընթացքին, այն չի դադարեցի:

Հարցին, թե չի քննարկվում արդյո՞ք ոստիկանությունը գրպանահատների լուսանկարները կանգառներում փակցնելու տարբերակը, որպեսզի քաղաքացիները ճանաչեն նրանց ու զգույշ լինեն, Երևան քաղաքի վարչության քրեական հետախոզության բաժնի պետի տեղակալ Հարությունյան Անոյանն ասաց, որ հարցը կարող է քննարկվել՝ միևնույն ժամանակ նշելով, թե լավագույն տարբերակն այն է, որ քաղաքացիները զգույշ լինեն:

Պետրոսյանը հայտնեց, որ գրպանահատության դեպքում ոստիկանության պատվի խնդիրն է դրված. «Մենք մշտապես այս ուղղությամբ անելիքներ ունենք: Եթե ուզում եք իմանալ, ասեմ, որ օրենքով գողերի մեծ մասը՝ 80 տոկոսը, մասնագիտացված գրպանահատներ են եղել»:

Պետրոսյանը ևս զգոնության կոչ արեց քաղաքացիներին՝ հորդորելով օրինակ դրամապանակները հետևի գրպաններում չդնել, ուշադիր լինել, իսկ եթե գրպանահատի զոհ են եղել, պասիվություն չդրսևորեն, աջակցեն ոստիկանությանը դեպքը բացահայտել:

 

Նույն շարքից