Տեսանյութեր Քաղաքական 

Երեկոյան ժամերին չենք կարողանում տուն հասնել․ քաղաքացիները բողոքում են տրանսպորտի աշխատանքից /տեսանյութ/

Մայրաքաղաքի բնակիչների համար ցավալի իրողություն է երեկոյան ժամերին տրանսպորտի բացակայությունը: Երբեմն՝ գրեթե իսպառ: Քաղաքային տրանսպորտից օգտվողներ հաճախ ենք բախվում այն իրավիճակին, երբ երկար սպասելուց հետո կամ վերջապես հայտնվում է մի «Գազել», որտեղ հաճախ նույնիսկ խցկվելու տեղ էլ չի լինում, կամ էլ՝ ապարդյուն սպասելուց հետո տաքսիով ես տուն հասնում:

Ի՞նչն է պատճառը, որ մայրաքաղաքային տրանսպորտի խնդրահարույց հարցը չի լուծվում գոնե այս առումով:

Analitik.am-ի՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը ուղղված այս հարցին քաղաքապետարանը խոստացավ հնարավորինս շուտ պատասխանել՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում...

Իսկ մինչ այդ՝ մենք զրուցեցինք ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ, ով ասաց՝ պատճառն այն է, որ վերջին ժամերին ուղևորահոսքը կտրուկ պակասում է. «Վերջին երթը կատարելն այնքան անշահութաբեր է, որ ամբողջ օրվա աշխատանքը փչացնում է: Դրա համար էլ չեն աշխատում»:

Չնայած երթուղայինների համար աշխատանքային է սահմանված  մինչև 23:00-ն, Եղիազարյանն էլ համաձայնեց՝ «ի՜նչ 11, ի՜նչ 10, ի՜նչ 9-ը. ավելի վաղ են դադարեցնում աշխատանքը, որովհետև շահութաբեր չէ դա»,- ասաց նա:

«Դեռևս 2013թ, մենք դիմեցինք քաղաքապետարան, խնդրեցինք, որ ուղեվարձը փոխեն կամ մեզ փոխհատուցում տան: Ո՛չ մեկն արեցին, ո՛չ էլ՝ մյուսը: Մեր այսօրվա քաղաքապետն էլ այն ժամանակ ընդդիմադիր դաշտում էր և օգնեց, որ 100-ը 150 չդառնա: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք», - նշեց Եղիազարյանը:

Մեր այն հարցին, թե երեկոյան ժամերին ուղևորափոխադրումը պատշաճ կատարելու համար ի՞նչ հնարավոր լուծումներ է տեսնում՝ որպես ուղևորափոխադրողների միության նախագահ, Եղիազարյանն ասաց. «Կարգ պետք է սահմանվի՝ եթե վերջին նստեցումը 100 դրամով կատարվում է ժամը, օրինակ՝ 19:00-ին, ապա դրանից հետո նստեցումը կատարվի 150 դրամով: Ամեն ինչ տեղը կընկնի: Իսկ դրա համար օրենք է պետք»:

Analitik.am-ի այն հարցին՝ նոր քաղաքապետին դիմե՞լ են, Եղիազարյանն ասաց. «Դիմել ենք: Իրենք զբաղված են նոր երթուղային ցանցով: Մենք դիմել ենք առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ ասելով, որ մեզ փոխհատուցում տան, որպեսզի մենք սպասարկենք, այնքան ժամանակ, մինչև նոր շարժակազմ կբերեն, նոր երթուղային ցանց կկազմեն և կսպասարկեն ժողովրդին: Բայց պատասխան չենք ստացել առ այսօր»:

Մինչ կստացվի քաղաքապետարանի արձագանքը, լսենք տրանսպորտից օգտվող մեր համաքաղաքացիներին:

 Analitik.am-ի փոքրիկ հարցախույզը՝ առաջարկվող տեսանյութում:

Ռուզաննա Ղազարյան

 

Նույն շարքից