Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգված չէ Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժի նախաձեռնած հանրահավաքներով:
«Չէ, ի՞նչ մտահոգվի, քաղաքական պրոցեսներ են, մենք քաղաքական բազմակարծության կողմնակիցն ենք: Ցանկացած օրինական միջոցառում բնական է: Եռյակի խնդիրները քննարկում է եռյակը, մենք մեր խնդիրներն ունենք»,-ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ Գործադիր մարմնի նիստում քննարկել և ամփոփել են ՏԻՄ ընտրությունները, անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայում կայանալիք՝ Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպմանը: «Առանց բանակցային գործընթացին Ղարաբաղի ուղիղ և անմիջական մասնակցության անհնար է հասնել լուրջ արդյունքների»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ Գործադիր մարմնի նիստում կուսակցությունը Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ևս մեկ անգամ հստակեցրել է իր դիրքորոշումը և վերահաստատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: