Հայաստան 

Եռյակի հիմնական օրակարգը ճշտված է

analitik.am

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ասաց, որ եռյակի հիմնական օրակարգը ճշտված է, թեև որոշ չճշտված հարցեր էլ կան, որոնց կանդրադառնան այսօր, գուցեև հենց հանրահավաքի ժամանակ:

«Իհարկե կան, որոշ չհամաձայնեցված հարցեր, որոնք թողել ենք այսօր, նաև հանրահավաքի մասին, բայց հիմնական հարցերը ճշտված են, որոնք վերաբերում են իշխանափոխությանը, բայց որոշ խմբագրական դետալներ կարող են առաջանալ, կարող է որոշ փոփոխություններ լինել, բայց ընդհանուր առմամբ, այո՛, ճշտված են,»- ասաց պատգամավորը։

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ կոնկրետ «Ժառանգությունը» շարունակում է իր դիրքորոշմանը հավատարիմ մնալ. «Ժառանգության ներկայացուցիչների մոտ տրամադրության փոփոխություն նկատե՞լ եք, ես անձամբ չեմ նկատել: Հայտարարվել է, որ գործընթացը ուղղված է համակարգային փոփոխության, այսինքն՝ իշխանափոխության հարց, որևէ փոփոխություն չի եղել, իսկ ավելի ստույգ՝ ներկա եղեք հանրահավաքին և պատասխանները կստանանք»,-ասաց նա:

Հարցին, թե Ռուբեն Հակոբյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ իշխանությունն իմաստություն կունենա և կլքի իշխանական պոստը, ինչպես կբացատրի, արդյո՞ք հույսը դրված է իշխանության իմաստության վրա, պատգամավորը պատասխանեց, թե լավ չեն ըմբռնել իր ասածը, քանի որ ինքն այդպես չի ասել։

«Ես ասել եմ, եթե հետադարձ հայացքով նայենք, թե ինչպես ձևավորվեց այս համագործակցությունը, ապա պետք է ասենք, որ մենք պետք է իրական, առանց խաղեր տալու, տղամարդավարի, վստահաբար կողք կողքի կանգնենք չորս ոչ իշխանական ուժերի ղեկավարները և ասեն, որ իշխանությունն իրեն սպառել է և արմատական փոփոխություններ անեն»,- ասաց նա և անդրադառնալով բանակցությունների փուլ սկսելու հավանականությանը:

«Եթե բանակցությունների միջոցով կարող է լինել իշխանափոխություն, ինչո՞ւ չենք կարող նաև դրան գնալ, որը կլինի շատ ավելի սահուն: Եթե իշխանությունները գնահատեն իրավիճակը և նստեն սեղանի շուրջ, գուցե, ուղիղ եթերով և քննարկեն իշխանափոխության հարցը, եթե ոչ, ապա առանց իշխանության կարող ենք դա անել»,- նշեց նա և հավելեց թե զարմանում է, թե ինչու ենք բանակցություններին այդպես վատ նայում: «Բա ինչ պետք է անի: Չեմ հասկանում թե ինչու են այդպես բոբո դիտել բանակցությունների երևույթը, մեր լավագույն տարբերակը մեկտեղված քայլն է»,-ասաց նա:

Հարցին, թե կլինի նախագահի հրաժարականի պահանջ, նշեց, որ դրված է իշխանափոխության հարց և իրենք ավելի շատ ուշադրություն են դարձնում արդյունքների վրա, քան թե լոզունգների, քանի որ շատ անգամ քաղաքական ուժերը գերի են դարձել լոզունգներին և դրա համար է պարտվել են։

«Հիմա պետք է նայել, թե ինչպես հասնել արդյունքի, ոչ թե ճանապարհի կեսին լավ լոզունգերով պարտվել: Պետք է ոչ թե տրվենք լոզունգների, այլ որոշենք, թե ինչ ճանապարհով գնանք, որ հասնենք արդյունքի: Այսօրվա հանրահավաքը չի լինի գեղեցիկ կարգախոսների միտինգ»,-ասաց նա:

Հարցին, թե նստացույց կլինի, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, թե շարունակությունը հանրահավաքի ընթացքում կպարզվի. «Ո՛չ կարող եմ ժխտել, ո՛չ էլ այո ասել: Հենց հարթակում կպայմանավորվեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները»:

Նույն շարքից