Հայաստան 

Եռյակի առաջին հանրահավաքից հետո անորոշություններն ավելացել են. Արմեն Ռուստամյան

analitik.am

Եռյակի հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքում անորոշությունները պահպանվել են, դեռ մի բան էլ ավելացել են: Ազգային ժողովում խմբակցությունների  ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այն, որ այդ հանրահավաքում չի բավարարվել այն ակնկալիքը, որ ձևավորվել էր, կարող է լինել ամենաադեկվատ գնահատականը՝ կապված հանրահավաքի հետ: Հերթական հանրահավաքի խնդիրը լինելու է այդ անորոշությունների վերացումը, և ես հույս ունեմ, որ եռյակի մեր գործընկերները կկարողանան անել դա»,- ասաց Ռուստամյանը:


Նա ընդգծեց, որ ընդհանրապես ցանկացած գործի սկիզբը շատ կարևոր է: «Ես, իհարկե, հիմա չեմ ցանկանում ասել, թե նրանք ձախողել են իրենց առաջին փորձը: Միգուցե նրանք որոշել են սկսել առաջին մի քանի հանրահավաքներով և կարողանան շտկել անորոշությունները: Սակայն հույս ունեմ, որ վերջնական արդյունքում նրանք չեն խափանի այն գաղափարը, որ ցանկացած գործի հաջողության համար սկիզբը շատ կարևոր է»,- նշեց Ռուստամյանը:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ եռյակի սկսած շարժման արդյունքում չի լինի երկու բան՝ արյունահեղություն և հիասթափություն: «Մենք չենք ցանկանում, որ վերջնական արդյունքում արյունահեղություն լինի, որովհետև մենք արդեն մեկ անգամ տեսել ենք դրա հետևանքները: Նման դեպքերում իրենց մեղավոր են համարում բոլորը, նույնիսկ մարդիկ, ովքեր հանրահավաքներին, շարժմանը չեն մասնակցել: Դրա համար մենք հույս ունենք, որ նման բան տեղի չի ունենա: Միևնույն ժամանակ, չենք ցանկանում, որ հիասթափություն լինի: Եթե ձևավորվել է ինչ-որ ակնկալիք և դու չես կարողանում բավարարել այդ ակնկալիքը, այդ դեպքում էլ առաջանում է հիասթափություն: Մենք հույս ունենք, որ սա ևս չի լինի»,- եզրափակեց պատգամավորը:

Նույն շարքից