Ինդիանա նահանգի Նոր Ալբանի քաղաքում շունը փրկել է ընտանիքին հրդեհից: Այս մասին հաղորդում է «One India» տեղեկատվական պորտալը:
Դադլի անունով շունը խոհանոցում ծխի հոտ է զգացել և սկսել է հաչալ: Կենդանու տերն այդ ժամանակ գտնվել է լոգարանում և լսելով շան հաչոցը նկատել է, որ տունն այրվում է։ Նա զանգահարել է իր որդուն Թերենսին և նրա հետ միասին դուրս եկել այրվող տանից: Սակայն հրդեհի պատճառով բնակարանի պատը փլուզվել է, և կենդանին մնացել է ներսում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները շտապել են դուրս հանել Դադլիին և նրան անհրաժեշտ քանակությամբ թթվածին և ջուր են տրամադրել: Շունը ստացել է ականջի և աչքերի այրվածքներ, ինչպես նաև թունավորվել է ածխաթթու գազով: Այժմ նա գտնվում է անասնաբուժական կլինիկայում և վերականգնվում է: