Քաղաքական 

Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել են հրապարակում և պահանջում են նախագահի հրաժարականը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի շուրջ հազար կողմնակիցներ Կոյ Տաշ գյուղում գտնվող նրա կեցավայրից ուղևորվում են Բիշքեկ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի անդամ Ադիլ Տուրդուկուլովը:

Այս տեղեկությունը հաստատել են նաև ականատեսները: «Մարդիկ Կոյ Տաշից շարժվում են Բիշքեկի ուղղությամբ: Ոմանք մեքենաներով, ոմանք էլ երթուղային տաքսիներով: Ոմանք էլ որոշել են ոտքով հասնել», - ասել է ականատեսներից մեկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևին տեղափոխել են ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն, որտեղ պետք է հարցաքննեին նրան: Իրավիճակը նախարարության շենքի մոտ հանգիստ է: Նախկին նախագահի կողմնակիցները դեռ այստեղ չեն եկել:

Հիշեցնենք, որ նախօրեին Աթամբաևի տան մոտ սկսված գրոհը հատուկջոկատայիններն այսօր վերսկսել էին: Երկարատև բանակցություններից հետո Աթամբաևը որոշել է ինքնակամ հանձնվել իշխանություններին:

Նշենք, որ ուժայինների և նախկին նախագահի կողմնակիցների միջև բախումների հետևանքով 85 մարդ վնասվել է: Նախօրեին հայտնի էր դարձել, որ հատուկջոկատայիններից մեկը մահացել է:

Աթամբաևի կողմնակիցները հավաքվել են Բիշքեկի կենտրոնական հրապարակում և պահանջում են նախագահի հրաժարականը:

Նույն շարքից