Հայաստան 

Եռյակը հետագա քայլերի մասին կհայտարարի հանրահավաքի ավարտին

analitik.am

 Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի ցանկանում ժամանակից շուտ գնահատական տալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե Գագիկ Ծառուկյանի ելույթից ի՞նչ կարելի է սպասել, Արամ Մանուկյանն ընդգծեց, որ ինքը դեռևս չի լսել Ծառուկյանի ելույթը և չի կարող գնահատական տալ: «Եվ ընդհանրապես ոչ մեկ էլ չգիտի, թե ով ինչ ելույթ է ունենալու, ուստի ժամանակից շուտ գնահատական տալ ելույթներին չենք կարող: Օրակարգի առումով ամեն ինչ շատ հստակ է, սակայն դուք այդ մասին չեք կարողանա իմանալ մինչև հանրահավաքը»,- նշեց Մանուկյանը:


Անդրադառնալով հանրահավաքից հետո եռյակի հետագա քայլերի վերաբերյալ հարցին՝ Մանուկյանն ընդգծեց, որ հետագա քայլերն իրենք որոշելու են հանրահավաքի ավարտին, երբ եռյակի լիդերները կքննարկեն իրավիճակը՝ հաշվի առնելով հանրահավքի մասնակիցների թիվը, իրավիճակը և տրամադրությունները, կհայտարարեն հետագա քայլերի մասին: «Հետագա քայլերի մասին կհայտարարենք հանրահավաքի ավարտին, երբ լիդերները կքննարկեն և կգան ընդհանուր հայտարարի դրանց վերաբերյալ»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ դա մարտավարական քայլ է:

 

ՀԱԿ պատգամավորը համաձայնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, որ սկսված շարժման արդյունքում չպետք է լինի ոչ արյունահեղություն, ոչ էլ հիասթափություն: «Ես համոզված եմ, որ հիասթափություն չի լինի: Կլինի խոհեմություն և միասնականություն, որպեսզի մենք չկորցնենք այս շարժման թափը»,- ընդգծեց նա:  

 

Արամ Մանուկյանը արդարացված է համարում երեք քաղաքական ուժերի միասնականությունը, որի շնորհիվ մարդկանց մոտ կրկին հավատ է ծնվել սկսված գործընթացի նկատմամբ:

Նույն շարքից