Հասարակություն Սպորտ 

Եվրոպայի Լիգա. «Վուլվերհեմփթոնը» մաստեր-կլաս ցուցադրեց «Հանրապետականում»

analitik.am

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում անգլիական «Վուլվերհեմփթոնը» Երևանում 4:0 հաշվով հաղթեց «Փյունիկին»:

Հասկանալի է, որ այս հանդիպումը առաջին հերթին մեծ հետաքրքրություն էր առաջացրել այն առումով, որ նորանկախ Հայաստանի եվրագավաթային պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբի մրցակից էր դարձել անգլիական թիմը:

Զարմանալի չէր, որ խաղին ներկա էր 13050 հանդիսական, որոնք ականատես եղան «Վուլվերհեմփթոնի» բարձրակարգ խաղին և թեպետ հաշիվը տխրեցնող է, սակայն բոլորն հասկանում են, որ մրցակիցները տարբեր խաղամակարդակներ ունեն և սենսացիա ակնկալելը դժվար էր:

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև «Արարատ-73»-ի լեգենդներ Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Սամվել Պետրոսյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլա Ղազարյանը և Նորայր Մեսրոպյանը:

Սա պատահական բնույթ չէր կրում. վերջին անգամ անգլիական թիմը Հայաստանում եղել էր 1975 թվականին. այն ժամանակ Եվրոպայի Գավաթակիրների Գավաթի քառորդ եզրափակիչում այս ֆուտբոլիստները «Արարատի» կազմում Երևանում խաղացել են Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ և ոչ-ոքի խաղացել՝ 1:1:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին:

Նույն շարքից