Հայաստան Քաղաքական 

Մարդիկ, առանց մեզ էլ, դուրս են գալու հրապարակ, գոռան՝ «Նիկոլ, հեռացիր». Բաբայան

Վերլուծությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր շատ ոգևորված էին 2018-ի իրադարձություններով և կյանքի բարելավման կտրուկ թռիչքաձև աճի ակնկալիք ունեին, այսօր շատ հիասթափված են իշխանությունից, քանի որ որևէ փոփոխություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռեֆորմիստների կուսակցության (ՌԿ) նախագահ Վահան Բաբայանը:

Ըստ Բաբայանի, թեժ քաղաքական աշուն է սպասվում, իսկ հաճախ հնչող «Նիկոլը չլինի, բա ո՞վ կլինի» հարցադրմանը պատասխանելիս բանախոսը հիշեցնում է, որ դեռևս 2018-ի հեղափոխությունից մեկ ամիս առաջ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Փաշինյանը կդառնա վարչապետ: «Կարող է կատարվել անկանխատեսելին», - ասում է Բաբայանը և մեջբերում, իր խոսքերով,  վերջին «դասականին»՝ «Աշխարհը ցուրտ է ու խաբուսիկ»...

Բաբայանը զգոնության կոչ է անում հասարակությանը և քաղաքական ուժերին՝ «Եթե Փաշինյանը ինչ-ինչ պատճառներով չկարողանա մնալ վարչապետի պաշտոնում, ապա քաղաքական օրակարգը պետք է թույլ չտա, որպեսզի դրածո մարիոնետային իշխանություն ձևավորվի նույն Փաշինյանի կողմից»:

Ըստ նրա այդպիսի իշխանության վառ օրինակ է Երևանի քաղաքապետարանը:

Բաբայանի խոսքով՝ Հայկ Մարությանը տանուլ է տվել քաղաքապետի պաշտոնը և «իր նախընտրական խոստումները չկատարելու համար ուզի, թե չուզի հեռանալու է այդ պաշտոնից, քանի որ անկարող է քաղաքապետ աշխատել»:

Վահան Բաբայանի կանխատեսմամբ՝ սեպտեմբերին էսկալացիա է սպասվում. «Հայաստանում իշխանափոխության հավանականությունը շատ մեծ է, որվհետև մարդկային ռեսուրսն այստեղ միակ որոշիչ գործոնն է, որ կարող է երկրում փոփոխություններ բերել»:

Բաբայանն անդրադարձավ նաև Փաշինյանի՝ 2050թ. հասնող ծրագրին, ասելով, որ իշխանությունը, ըստ սահմանադրության ընտրությունների արդյունքով առաջիկա 5 տարիների համար է այսօրվա քաղաքական ուժին բաժին ընկել, և այս տեսակետից ցանկացած կանխատեսում , որ արվում է տասնյակ տարիների կտրվածքով, անլուրջ է. «Հատկապես հաշվի առնելով, որ 1,5 տարի է իշխանության են եկել և իրենց նախընտրական խոստումների նույնիսկ 10 տոկոսը չեն իրականացրել, խոսում են  2050 –ի մասին, ձեռառնոցի է»,- նշեց Բաբայանը:

«Փաշինյանն ընտրվել է 5 տարի ժամկետով և պարտավոր է այդ ընթացքում կատարել իր բոլոր նախընտրական խոստումները, հետո նոր հայտ ներկայացնել 2050-ի համար»,- կրկնեց Բաբայանը:

Վահան Բաբայանը հրապարակված տնտեսական ցուցանիշները «հեքիաթային» և «խաբուսիկ» անվանեց, քանի որ «որևէ դրական տեղաշարժ չկա, իսկ տուրիստներն էլ, ոնց եկել են, այնպես էլ շուտով գնալու են, իսկ երբ այս տարի ձմռանը գազի սակագինը թանկանա, մարդիկ առանց մեզ էլ դուրս են գալու հրապարակ, գոռան՝ «Նիկոլ հեռացիր»»,- վստահեցրեց ՌԿ նախագահը:

Բանախոսը նկատեց, որ այսօր առաջացել են խնդիրներ, որոնք առաջ չկային՝ էլեկտրաէներգիայի պարբերաբար կրկնվող տատանումները, աղբահանությունը. «Երևանի քաղաքապետարանը իր ողջ ռեսուրսներով զբաղված է միայն աղբահանության խնդրով»,- արձանագրեց Բաբայանը:

Խնդրահարույց է նաև այն, որ իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր միայն քայլել են և, Բաբայանի բնորոշմամբ, «ոչ մի ուրիշ «զասլուգա» չունեն այս երկրի համար»:

Մինչդեռ, Բաբայանի դիտարկմամբ, կա նաև հակառակ միտումը. արժեզրկել, հետևողականորեն վարկաբեկել բոլոր հերոսներին. «Բոլորը թուրք ու հանցագործ են, իսկ իրենք սու՞րբ»,- տարակուսում է Բաբայանը և մտահոգություն հայտնում, որ այսօր մեր ազգայինը դրվել է 4-րդ, 5-րդ պլանում, փոխարենը առաջ են բերվել այլ արժեքներ:

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավարը նաև հայտնեց, որ սեպտեմբերին տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը, որտեղ կներկայացնեն իշխանափոխության իրենց քարտեզը:

Նույն շարքից