Հայաստան 

Վազգենը ասում էր՝ եթե չպահենք անկախությունը, դեմքից զրկված ազգ կդառնանք, այդպիսի ազգ ենք դարձել. Գրետա մայրիկ

analitik.am

Առանց իրեն ապրելը դժվար է, չեմ կարող ապրել, բայց էլի ապրում եմ: Ես գիտեի՝ իրենից հետո մի շաբաթ էլ չեմ ապրի, բայց արդեն 15 տարի է՝ ապրում եմ այս վիճակով, սա ապրել չէ: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` տիկին Գրետան:

Նա հիշեց որդու խոսքերը, ով ասել էր, որ եթե մենք մեր երկիրը, անկախությունը, ազատությունը չկարողացանք պահել, հզոր երկիր չենք կարող դառնալ:

«Ասում էր՝ դեմքից զրկված ազգ կդառնանք, այդպիսի ազգ ենք դարձել»,-ասաց նա:

Անդրադառնալով «Հոկտեմբերի 27-ի» բացահայտմանը`Գրետա մայրիկը նշեց, որ պետք է դատաքննությունը պարզեր, թե ովքեր էին գլխավորները, ովքեր այս ոճիրը պատրաստեցին:

«Թեկուզ դրսի ուժերն արեցին, սակայն նաև ներսի ուժերն էլ կողմնակից եղան: Ժողովուրդն ասում է` գողը տնից չլինի, եզը երդիկից չեն հանի: Իրենք պետք է մտածեին, որ այս երկրի գլուխը կտրում են: Իհարկե, չես կարող ասել, որ «Հոկտեմբերի 27-ը» բացահայտված է»,-ասաց նա և ավելացրեց, որ պատճառը քաղաքական կամքի բացակայությունն էր:

Տիկին Գրետան հավելեց, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, երկիրը կապրեր խաղաղ, բարգավաճ:

Նույն շարքից