«Ինչո՞ւ: Ո՞ւմ է դա ձեռնտու…
«Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» երիտասարդական ճամբարում հերթական հանդիպումս նվիրված էր մեր երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին:
Արցախյան հակամարտություն, բանակաշինություն, սոցիալ տնտեսական հիմնախնդիրներ, պարենային անվտանգություն, տնտեսության զարգացման բարձր տեմպերի շարունակական ապահովում, պետական կառավարման ավելի արդյունավետ համակարգի ստեղծում. այս և այլ հարցերի շուրջ կառուցված իմ ելույթի ամփոփիչ մասն, այնուամենայնիվ, նվիրված էր մեր ազգային համախմբվածությանը: Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, մեզ ստիպում է ավելի սթափ գնահատել իրավիճակը, քանի որ քարոզչական առումով իրականում գործ ունենք արտաքին սպառնալիքի հետ:
ՀՀ Վարչապետը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին հանդես է գալիս ազգային միասնականությանը նվիրված ծավալուն ելույթով, Արցախը Հայաստանի անբաժան մաս է հայտարարում… Ու հանկարծ մեկ օր անց օտարերկրյա լրատվամիջոցի մի հոդվածը նորից խառնաշփոթ է մտցնում ազգի մեջ՝ հրապարակ բերելով բոլորիս համար ամենազգացմունքային ու ցավոտ թեմաներից մեկը՝ փորձելով ազգի երկու հատվածների միջև ատելություն սերմանել: Պատահականությո՞ւն է: Կարծում եմ՝ ոչ:
Իհարկե, ինչպես արդեն նշել եմ գործի քննությունը կպարզի ամեն ինչ, ու մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը, բայց խնդիրն այստեղ բոլորովին այլ դաշտում է: Հայկական լրատվամիջոցները, ցավոք, տրվել են սադրանքին, ու, Եռամիասնության սուրբ գաղափարի մասին բոլորս մոռացած, նորից սկսել ենք իրար մեջ թշնամիներ որոնել: Ինչո՞ւ: Ո՞ւմ է այս ամենը ձեռնտու: Հաստատ ոչ մեզ:
Մի խոսքով, անելիքներ շատ ունենք: Բոլորս: Ազգովի: Եվ ուրախ եմ, որ, ի դեմս մեր երիտասարդների ունենք աջակիցների մեծ բանակ»:
Արայիկ Հարությունյան