Հայաստան 

Սահմանադրությունը չի համապատասխանում մեր արժեքային համակարգին. այստեղից են բխում խնդիրները. Արծրուն Պեպանյան

analitik.am

Ըստ «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի՝ ընդդիմությունն այսօր գնում է մի ճանապարհով, որը, մոտ 20 տարի առաջ պարզ դարձավ, որ անարդյունավետ է և ժողովրդին տանում է ջարդի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց վերլուծաբանը և ընդգծեց, որ որևէ բան չի փոխվել այն օրերից, երբ 1996թ-ի նախագահական ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանը ժողովրդի հետ գնաց իշխանությունը վերցնելու, սակայն ուժային կառույցները կրակ բացեցին նրանց նկատմամբ:

«Դեռևս այն ժամանակներից ես ասում էի՝ մի տարեք մարդկանց սխալ ճանապարհով, մարդկանց ջարդելու են, այդպես էլ եղավ: Այսուհետև բոլոր այն շարժումները, որոնք պատերազմ կհայտարարեն իշխանություններին, զոհվելու են ու նախկինում էլ զոհվել են: Չկա այպիսի շարժում ու չի էլ լինելու, որը կհաղթի իշխող իշխանությանը: Այս դասական պայքարը, որն այսօր առկա է, ես կոչում եմ եվրոբոլշևիկյան, որովհետև նրանք ովքեր հարթակին են, դաստիարակվել են բոլշևիկյան շրջանում, բայց Եվրոպայից որոշ օրենքներ են սովորել: Ամբողջ խնդիրը հենց վերջինի մեջ է: Մենք երկրում հաստատել ենք մի Սահմանադրություն, որը չի համապատասխանում մեր արժեքային համակարգին»,-ասաց Արծրուն Պեպանյանը:

Նա հիշեցրեց, որ ֆրանսիացի հոգեբան Լե Բոնը ուսումնասիրություն է իրականացրել աֆրիկյան այն երկրներում, որտեղ ներմուծվել է Ֆրանսիայի Սահմանադրությունը, եկել է մի եզրակացության, համաձայն որի՝ կործանման են դատապարտված այն ազգերը, որտեղ ներմուծում են մեկ այլ երկրի Սահմանադրություն, բայց նախապես այդ ժողովրդի արժեքային համակարգը չեն համապատասխանեցնում դրան։

«Հիմա մեր երկրում գործում է մի Սահմանադրություն, որը չի համապատասխանում մեր արժեքային համակարգին: Մարդկանց նախապես չեն պատրաստել: Հենց այս պատճառով է, որ երկրում խառնաշփոթ է ստեղծվում, ու մարդիկ սկսում են անհուսանալ ու փախչում երկրից: Փաստորեն՝ բերել ենք ուրիշ երկրի օրենքներ ու կրակն ենք ընկել»,-ասաց նա:

Անդրադառնալով լուծումներին՝ Արծրուն Պեպանյանը նշեց, որ կամ պետք է ի հայտ գա մի էլիտա, որ վերոնշյալ խնդիրները հասկանալով՝ կարող է վերացնել անհավասարակշռությունը՝ բարձրացնելով մարդկանց ինքնագիտակցությունը, կամ մի նոր ուժ ձևավորվի ու ամեն ինչ սկսի զրոյից:

Նույն շարքից