Հայաստան 

ԲՀԿ և ՀՀԿ պատգամավորների բանավեճը

analitik.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այսօր ԱԺ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, երբ հերթը ԱԻ նախարարությանը հատկացվող բյուջեինն էր, նշեց, որ նախարարն ասում է, որ ֆինանսական միջոցները չեն բավականացնում, բայց արդյոք չե՞ն հասկանում, որ վաղը-մյուս օրը պետությունը կրկնակի է վճարելու այսօր չարված ծախսերի համար:

«Եթե կարկուտը չի հաղթահարվում, փլուզումները չեն հաղթահարվում ժամանակին, ներդրողները մտահոգություններ են ունենում, ու անցյալ տարիների փորձն էլ ցույց է տալիս, որ ներդրումներ չեն անում»,-ասաց նա:

Արմեն Երիցյանը համաձայնեց պատգամավորի հետ: «Բայց այստեղ պետք է հաշվի առնել մեր գումարների չափը: Օրինակ՝ յուրաքանչյուր մարզ հակակարտային կայանների մասով մոտ 3 միլիարդի վնաս է կրում կարկուտից, եթե կարողանանք մեկ տարվա ընթացքում գումարներ հայթայթենք, որ ներդնենք, մի քանի տարի հետո ավելի շատ գումարներ կարող ենք խնայել»,– ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այստեղ բոլոր ուղղություններով հնարավոր է զարգանալ, եթե լինեն գումարներ, բայց այսօր այդքան գումարներ չկան: «Դա միայն մեր նախարարության խնդիրը չէ, բոլոր նախարարություններն էլ ունեն իրենց խնդիրները, և յուրաքանչյուրը բավարարվում է այն գումարով, որը տրվում է, այսօր այսքան է տրվում, ուրեմն՝ այսքան կա: Ես վստահ եմ, որ եթե ավելի լիներ, հո Ֆինանսների նախարարությունը կամ Կառավարությունը այդ գումարները չի՞ պահելու իրեն»,-ասաց նա:

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն արձագանքեց, որ իրենք 12 համատեղ նիստ են անում, ու յուրաքանչյուր նիստ ունի իր օրակարգը և խնդրեց թեմայից չշեղվել:

«Ես կարծում եմ, որ ճիշտ է, որ յուրաքանչյուր հարց տրվի այն օրակարգի շրջանակներում, որ տեղի է ունեցել: Մենք նախորդ նիստում քննարկել ենք եկամուտների ձևավորման հարցը, հարկերի, մաքսերի քաղաքականությունը: Այդ հարցը շատ ավելի դիպուկ կլիներ, եթե հնչեցնեիք նախորդ նիստի ժամանակ, որովհետև այդ հարցին պարոն Երիցյանը կդժվարանա պատասխանել»,-ասաց նա:

ԲՀԿ պատգամավորն արձագանքեց. «Պարո՛ն Մինասյան, դիպուկահարության և դիպուկ լինելու մեկնաբանություններ մի տվեք Դուք: Ես շեշտեմ, որ մենք տնտեսական հարցերի հանձնաժողովում ենք քննարկելու հարցերի և մաքսերի հարցը, հիմա եղե՞լ է այդ նիստը, չի եղել, այսինքն՝ ես տարբերակում եմ մակրոտնտեսական քաղաքականության խնդիրները կոնկրետ հարկային գործիքների քաղաքականությունից, այնպես որ Ձեր մեկնաբանությունները թող մնան ձեզ»:

Նիստ վարող Կորյուն Նահապետյանը հորդորեց բանավեճ չծավալել հարցի շուրջ: Իսկ Գագիկ Մինասյանն էլ ընթերցեց այսօր տեղի ունեցած առաջին ու ընթացող երկրորդ նիստի օրակարգերը: «Եթե դուք տեղյակ չեք, ցավում եմ»,,-ասաց նա:

«Ինչքա՞ն է տևել այդ նիստը»,-հարցրեց Մելքումյանը: «Եթե դուք այստեղ լինեիք, կտևեր այնքան, ինչքան որ ձեզ կբավարարեր: Եթե դուք տեղյակ չեք, ես ցավում եմ ուղղակի, ցավում եմ»,-պատասխանեց Գագիկ Մինասյանը:
Կորյուն Նահապետյանն ընդհատեց բանավեճը:

Նույն շարքից