Հայաստան 

Իշխանությունը չունի ընդդիմության գործիքները` պոպուլիզմն ու դեմագոգիան. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Արտահերթ ընտրություններն ու իշխանափոխությունը պատվերով համերգ չեն, որ ով, երբ ցանկանա, իրականացնի: Դրա իրականացման համար պետք են մեխանիզմներ, որոնք եռյակի ու նրա ղեկավարների առաջարկած տեսլականում չեն երևում: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Իշխանափոխությունը մեր երկրում և ցանկացած երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով համապետական ընտրությունների միջոցով, մեր դեպքում` 2.5 տարի հետո`  2017-ին պառլամենտական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով` իշխանական մեծամասնությունն իր դիրքորոշումն ու ծրագրերը չի փոխել եռյակի` հոկտեմբերի 24-ի հանրահավաքից և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո: «Միշտ էլ նույն կարծիքն է եղել իշխանությունների մոտ: Ցանկացած օրինական միջոցառում դրական ենք գնահատում, ցանկացած անօրինական երևույթ լինի ընդդիմության, իշխանության, թե այլընտրանքի կողմից ընդունելի չէ: Իշխանությունը ինչպես մինչ հոկտեմբերի 24-ն ունեցել է իր օրակարգը, այդպես էլ դրանից հետո գնում է իր օրակարգով, որում ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել մեր հասարակության  առջև ծառացած խնդիրների օր առաջ լուծմանը, թե որքան հնարավոր կլինի, ցույց կտա ժամանակը: Ի տարբերություն ընդդիմության` իշխանությունը չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ ու դեմագոգիա: Իշխանությունները պետք է ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործեն: Այդպես էլ արվել է` 2015 թվականի բյուջեի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի դատին»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:


Հարցին ի պատասխան, թե արդյոք, իշխանությունները պատրաստ են եռյակի հետ երկխոսել` Շարմազանովն ասաց, որ ներկայում էլ այդ երկխոսությունն առկա է: «Ո՞վ է ասում, որ երկխոսություն չկա: Ցանկացած առողջ առաջարկ, որը կարող է մեր տեսանկյունից մեր ծրագրերին համահունչ դիտվել, որը կբերի պետության ու հասարակության առջև ծառացած խնդիրների լուծմանը, մենք պատրաստ ենք քննարկել: Պարզապես միգուցե պատկերացումներն են տարբեր: Այն, ինչ մեր գործընկերների մոտ համարվում է իրատեսական, մեզ համար կարող է անիրատեսական լինել: Ես մինչև հոկտեմբերի 24-ը որևէ կոնկրետ ծրագրային առաջարկ չեմ լսել ու նույնիսկ այդ հանրահավաքներում չեմ լսել ծրագրային գաղափարական կետեր»,-շեշտեց Էդուարդ Շարմազանովը:


Նա նաև հավելեց, որ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնց շուրջ ընդդիմությունը, այլընտրանքն ու իշխանական մեծամասնությունը քվեարկում են նույն կերպ, գնում են փոխզիջումների: «Երկխոսությունը դա է, կարծում եք` երկխոսությունն ա՞յն է, որ իշխանությունն իր ծրագիրը փոխի, ասի` ընդդիմություն ջան, ինչ ուզում ես բեր, ես անեմ, իմ ծրագիրը մի կողմ եմ դնում: Սա ոչ դեմոկրատիա է, ոչ էլ այլ բան»-եզրափակեց նա:


Հոկտեմբերի 24-ին ԲՀԿ, «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցություններն Ազատության հրապարակում անցկացրին եռյակի արդեն երկրորդ հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նույն շարքից