Հայաստան 

Նիկոլ Փաշինյանին անհագստացնում է Սուրիկ Խաչատրյանի բացակայությունը բյուջեի քննարկումներից

analitik.am

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում տարածքային կառավարման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկմանը բարձրացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բացակայության հարցը: Պատգամավորը նկատեց, որ արդեն երեք տարի է Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի նախնական քննարկումների ժամանակ  Սուրիկ Խաչատրյանը չի ներկայացել այդ քննարկումներին:


«Մյուս մարզպետերը միշտ պարտաճանաչ ներկայանում են այս քննարկումներին: Եվ հիմա ես չեմ հասկանում, նա ինչո՞ւ միշտ չի ներկայանում: Ես չեմ հասկանում՝ միթե՞ Հայաստանում որոշ պաշտոնյաների մոտ «դեդավշինայի» օրենք է գործում: Այսինքն` ավելի «կռուտոյ» պաշտոնյաները իրենց հարիր չե՞ն համարում ներկա գտնվել այս կարևոր քննարկումերին: Այստեղ միշտ հիմնավորում են, որ նրանք կարևոր գործեր ունեն, բայց կներեք, միթե՞ մենք հիմա այստեղ ոչ կարևոր գործի ենք: Մենք հիմա քննարկում ենք մեր երկրի բյուջեի նախագիծը, և սա նույնպես շատ կարևոր  է: Ես ուղղակի ցանկանում էի կրկին անգամ բարձրացնել այս հարցը և ցանկանում եմ տեղեկացնել, որ հիմա ես էլ շատ կարևոր գործ ունեմ և պետք է լքեմ այս քննարկումը, իսկ սա հարց չէր ուղղակի դիտարկում էր, որ բոլորդ այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահեք:


ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատգամավորին խնդրեց երկու րոպե սպասել, որպեսզի պատասխան ստանա: «Նախ, պարո՛ն Փաշինյան, ես նիստի մեկնարկին հորդորեցի տալ հարցեր միայն բյուջեի վերաբերյալ, սակայն դուք խախտեցիք այդ հորդորը: Իսկ թե ինչու են բացակայում Ձեր նշած պաշտոնյաները, կարող եք սպասել և նրանց փոխարեն ներկայացած անձինք կհիմնավորեն»,- նշեց Մինասյանը:


Ազգային ժողովում տարածքային կառավարման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովնեի համատեղ նիստում քննարկվում է ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծը: Քննարկմանը ներկա են բոլոր մարզպետերը՝ բացի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից: 


Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծելով, որ այդ հիմնավորումներն արդեն երեք տարի է լսում է, շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին ուշադրության համար և հեռացավ:

Նույն շարքից