ԱՄՆ-ը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանՌիչարդ Մորնինգսթարը:
Դիվանագետը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկիր, ԱՄՆ-ը ակտիվ է շարունակվող բանակցային գործընթացում:
«Գտնում եմ, որ հակամարտության կարգավորման գծով կոնկրետ քայլեր քննարկելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կանոնավոր հանդիպումները շատ կարեւոր են», -ասել է Մորնինգսթարը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականցման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը հանգեցրեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:
1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ զինադադարի մասին ադրբեջանական կողմի խնդրանքով ստորագրված համաձայնագիրը: Ներկայում հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյեմբերին վերջինների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչեւ այսօր չի կատարում ՄԱԿ ԱԽ 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: