Հայոց Ցեղասպանության ճանաչումն աշխարհի կողմից արդեն 99 տարի է հայերիս համար կարևորագույն հարց է : Մենք տարիներ շարունակ ամբողջ աշխարհին հնարավոր բոլոր ձևերով հասկացրել ենք, որ սա ոչ միայն մեր ազգի վիշտն է, այլ համամարդկային լրջագույն հարց, ինչը կարող է սպառնել աշխարհի բոլոր ազգերին: Գաղտնիք չէ, որ Հայաստան պետությանը չի հաջողվում վերականգնել արդարությունը զուտ այն պատճառով, որ մենք չենք կարող առաջարկել այն, ինչ առաջարկում է Թուրքիան, ուստիև արդարությունը, բարոյականությունը և մարդկային գթությունը չեն հաղթում նյութական բարիքներին ժամանակակից աշխարհում:
Մեր սերունդ արդեն հասցրել է հասկանալ և մարսել այս դառը իրողությունը՝ արդարությունն ապացուցելու համար անհրաժեշտ է հզորություն՝ թե նյութական, թե ռազմական:
Հայաստան պետությունն ու հայ մարդը երբեք չի մոռանա իր սպանված քույրերին և եղբայրներին, և ի տարբերություն նախորդ սերնդի՝ մենք արդեն պայքարելու ենք նոր աշխարհի դաժան օրենքներով: Եթե պետք է վճարվի արդարության համար, ապա վստահաբար կարող եմ ասել, որ մեր սերունդը կհասնի նրան, որ Հայաստան պետությունը կունենա այդքան հզորություն և դիրք աշխարհի քաղաքական քարտեզում՝ իր արդարացի պահանջները բավարարելու համար:
Մենք մեր վիշտը կողբանք լուռ՝ առանց աղերսի, կպահանջենք՝ առանց խնդրելու, և անհրաժեշտության դեպքում աշխարհի հետ կխոսենք իրենց հատուկ ոչինչ չասող ժպիտի տակ թաքնված կոշտ կանոններով:
Ինչքան էլ Հայաստանն այսօր հայտնվել է ոչ լավ վիճակում, ես վստահ եմ, որ մեր սերունդը կհաղթահարի մեր երկրի գլխին կախված չարիքը՝ հաջորդ սերունդներին թողնելով իրական, այլ ոչ թե բարոյական հաղթանակներ:
Մենք Թուրքիային կոչ չենք անում ճանաչել Ցեղասպանությունը, մենք պնդում ենք, որպեսզի նա ճանաչի Հայոց Ցեղասպանությունն այսօր, քանզի մեր սերունդն արդեն կորցնելու ոչինչ չունի, բայց արարելու շատ բան ունի, ուստիև մեր պայքարը թե ներքին, թե արտաքին թշնամիների դեմ անողոք է լինելու:
«Քաղաքական սերնդափոխություն» շարժման ղեկավար Անի Հովհաննիսյան