Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Հեղափոխությանն անհրաժեշտ են անտիհերոսներ. Աղասի Ենոքյան

analitik.am

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան գրառումով՝ բացում է հայ իրկանության մեջ քիչ քննարկված թեմա՝ հերոսի ու անտիհերոսի։ Իմ սիրելի Բորխեսը (Jorge Luis Borges) պնդում էր, որ հերոսի հակասականության, հերոսի ու դավաճանի թեման ոչ միայն համաշխարհային գրականության հիմնական թեմաներից է, այլեւ քաղաքակրթական զարգացման կարեւորագույն գործիք։ Հերոսը միշտ իր հետ է բերում իր անտիհերոսին, եւ պատմության տվյալ փուլի ընտրությունն է՝ հերոսի սե՞ւ, թե՞ սպիտակ կողմը կընտրի։

Գրառման մեջ նաեւ չհնչած առաջարկ կար՝ կոնսոլիդացվել հերոսներով եւ հերոսների շուրջ։ Հայաստանում ներկայումս ընթանում է տրամագծորեն հակառակ պրոցեսը՝ հերոսներից առանձնացվում եւ ցուցադրվում է անտիհերոսի շերտը, իսկ հասարակությունը կոտորակվում ու տարբաժանվում է դրա շնորհիվ։

Հեղափոխությանն անհրաժեշտ են անտիհերոսներ։ Հեղափոխության դեմիուրգը կերտվում է որպես միակ հերոս ի հաշիվ մյուսներին հակահերոսներ դարձնելու։ Հեղափոխությունը չի դիմանում ի սկզբանե հռչակած դրական արժեքներ կերտելու ցանկությանը ու շատ արագ դառնում է մերժողական պրոցես։ Հեղափոխության պրոցեսի շարունակականությունը ապահովելու համար անընդհատ անհրաժեշտ է ի հայտ բերել հակահերոսներ ու մերժել նրանց։

Հայոց պատմության այս շերտում անհնար է թվում դրական արժեքների ու հերոսների շուրջ հասարակական կոնսոլիդացիան։ Հանրությանը ավելի հաճո է եւ ավելի դյուրին է տեսնել, թե ինչպես է վիշապին հաղթողը դառնում վիշապ։ Հեղափոխական ռեժիմից ազատվելը կրկին լինելու է նոր հակահերոսներին մերժելու սցենարով։ Ամբոխային բնազդները ավելի շուտ կտեսնեն, որ հեղափոխության հերոսները ստախոս են, հող հանձնող դավաճաններ, նորից շատ արագ կոռումպացված բյուրոկրատներ, քան upgrade կլինեն մինչեւ հերոսներ ընկալող հանրային գիտակցություն։

Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մինչեւ պոզիտիվ արժեքների ընկալումը։ Երեւի թե հաջորդ՝ հետհեղափոխական լիդերների առաքելությունն է լինելու ամբոխի կոսնոլիդացիան ազգի։

Աղասի Ենոքյան

Նույն շարքից