Մի քանի օր առաջ եղավ ինֆորմացիա՝ կապված իմ ինքնակենսագրականի և դրանում նշված տվյալների հետ: Մեր դասախոսներից մեկը՝ Գագիկ Շահնազարյան անունով, ինֆորմացիա էր ներկայացրել, իբր ես ռեկտորի պաշտոնին հավակնելու համար կեղծել եմ ինֆորմացիա իմ ինքնակեսագրականի մեջ: Նա հղում էր կատարել կառավարության համապատասխան որոշմանը, որտեղ ՊՈԱԿ-ների տնօրենների նշանակման պահանջներ կան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
Պահանջներից մեկի համաձայն ՊՈԱԿ-ի տնօրեն կարող է նշանակվել նա, ով ունի երեք տարվա փորձ կառավարման ոլորտում կամ 5 տարվա մասնագիտական ստաժ. «Մեր հարգելի գործընկերը կտրել է երկրորդ հատվածը, իսկ ես հենց այդ հիմքով եմ նշանակվել ռեկտորի պաշտոնակատար»:
Հայրապետյանը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ ուսանողից բողոք է ստացվել, որ Շահնազարյանը քննության ընթացքում, ուսանողի խոսքերով, խաչապուրի է «խժռել». «Նա նաև լուսանկար է ուղարկել, թե ինչպես է դա տեղի ունենում»:
Ավելի ուշ դասախոսը բացատրագիր է ներկայացրել, որ ընդմիջում անելիս է եղել։