«Արի բացահայտելու ապրող Հաղարծինը» կարգախոսի ներքո անցկացվող այս մեկ շաբաթը հոգևոր-մշակութային միջոցառումների մի յուրօրինակ տոն է, որն ամեն տարի կայանում է նույն գաղափարի շուրջ համախմբված «կանաչ շապիկներով» երիտասարդների՝ կամավորների շնորհիվ։
Միջոցառման պատասխանատու Լիդիյա Մանթաշյանը Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս տարվա փառատոնն աննախադեպ է հատկապես իր կամավորների թվով: Նրա խոսքով, կամավորության հայտ ներկայացրած 280 երիտասարդներից ընտրել են 80-ին՝ հնարավորություն տալով նրանց նաև ինքնադրսևորվելու:
Մեր զրուցակիցն ասաց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի նախատեսված են նաև զրույցներ հրավիրյալ հյուրերի հետ. «Օրինակ՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է մեր հյուրը լինելու, Տեր Մարկոս քահանա Մանգասարյանն է գալու» :
«Մեր երիտասարդներն Հաղարծնում հավաքվել են մեկ գաղափարի շուրջ՝ ներկայացնել վանքն այնպես, ինչպես ոչ-ոք չգիտի: Մենք չենք ներկայացնում տարեթվեր, ճարտարապետական կառույցը (այս առումով մեր բոլոր վանքերն ու եկեղեցիները գրեթե նույնն են), մենք ներկայացնում ենք Հաղարծնի այն հոգևոր ժառանգությունը, որն ունենք 10-րդ դարից սկսած և ներկա ապրող Հաղարծինը՝ իր երիտասարդներով, ազգային երգ ու պարով, վարպետաց դասերով»,- մանրամասնեց ծրագրի պատասխանատուն:
Փառատոնի օրակարգը հագեցած է. կանցկացվեն վարպետաց դասեր՝ փայտի փորագրություն, խաչքարագործություն, կավագործություն, գորգագործություն, մետաքսանկարչություն, կարպետագործություն, ինչպես նաև Հաղարծնի գաթայի պարտաստում և ցուցադրություն:
Հոգևոր հայրերը երիտասարդների հետ տարբեր զրույցներ կանցկացնեն:
Օգոստոսի 15-ը կնշվի որպես մանուկների օր, երբ երեխաները երգ ու պարով հանդես կգան, ելույթներ կունենան, կլինի տիկնիկային թատրոն:
Օգոստոսի 16-ն էլ՝ զինվորների օրն է. կլինեն միջոցառումներ զինծառայողների մասնակցությամբ, ինչպես նաև ելույթ կունենա զինվորական նվագախումբը:
Իսկ տոնական շաբաթվա յուրաքանչյուր օրը կմեկնարկի ժամերգությամբ և կավարտվի խոկման արարողությամբ:
Փառատոնի ավարտին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի և խաղողօրհնեքի հանդիսավոր արարողության առիթով սուրբ պատարագ կմատուցի:
Ռուզաննա Ղազարյան