ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ցեղասպանության հետևանքների վերացում նշանակում է հայերին վերադարձնել իրենց հայրենիքը, իսկ դա անելու համար ինքը դեռ իր առաջարկները կներկայացնի. «Մեր խնդիրն այն է, որ մենք մեր երկրի տերը դառնանք»:
Նրա խոսքով՝ պետականության ստեղծումից հետո հայ ժողովրդի հիմնական խնդիրը Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումն է: «Մի 5-6 տարի առաջ ինձ հաջողվեց նաև այդ ձևակերպումը դարձնել կիրառելի ձևակերպում, ևս մեկ խորհուրդ ենք տրվել, որ բոլոր ատյաններից հիշեցնեն Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին պատկանող տարածքների մասին, քանզի դրանց 80%-ը բռնազավթված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ, որպես կանոն, ցեղասպանությունն իրականացնում են բռնապետական պետությունները, իսկ Հայոց ցեղասպանությունը ռուս-թուրքական դավադրության հետևանք է. «15-23 թվականներին մենք կորցրինք ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլ նաև Արևելյան Հայաստանի մի մասը: Իսկ 100 ամյակին ընդառաջ Հայաստանը բոլոր միջազգային ատյաններում միջազգայնորեն ճանաչման հարցը պետք է բարձրացնի, քանի որ Հայաստանի տարածքների միայն 20%-ն է Հայաստանին պատկանում»: