Հասարակություն գլխավոր 

Ինչո՞ւ են ցույց անում, ասելու համար, որ իրենք այլասերված կին կամ տղամա՞րդ են. Գագիկ Գինոսյան

Դեմ եմ այն ամենին, ինչը հայեցի արժեհամակարգի համար անընդունելի է: Մի բան է հանդուրժել, որ իրենք կան մեր կողքին, այլ բան է իրենց տեսակը պարտադրել և իրենց իրավունքները ավելի բարձր դասել, քան արժանապատիվ հայ տղամարդու, հայ կնոջ իրավունքները: Analitik.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Գինոսյանը, ով նույնպես միացել է «Կամքի» նախաձեռնած՝ Ստամբուլյան կոնվենցիան մերժող ստորագրահավաքին:

«Կա օրենք, որը կարգավորում է բոլոր տեսակի բռնությունները, ինչի՞ համար ենք մենք մասնավորեցնում ընտանեկան բռնությունը: Մեր երկրում 1,5 տարի առաջ ավելի լուրջ բռնություն կար ոստիկանության կողմից. մինչև հիմա ոչ մի ոստիկան չի պատժվել ժողովրդին ծեծելու, տեսախցիկները ջարդելու համար: Ինչո՞ւ մենք ոստիկանական բռնության մասին օրենք չենք ընդունում, այլ հենց ընտանեկան բռնության մասին ենք փորձում օրենք անցկացնել, եթե նպատակը ընտանիքը կազմալուծելը չէ, հայ ավանդական ընտանիքը իրենց այլասերված ընտանիքներին հավասարեցնելը և ապականություն սերմանելը չէ»,- նշեց մեր զրուցակիցը:

Գագիկ Գինոսյանը, դիմելով կոնվենցիան քարոզողներին, մտահոգություն է հայտնում. «Ինչո՞ւ թույլ չեք տալիս մենք մեր ընտանիքի կարգավիճակը որոշենք: Եթե ուզում եք Հայաստանում նպաստել ընտանեկան բռնությունների կանխարգելմանը, ապա միջոցառումներ ձեռնարկեք՝ հայ կնոջը, հայ երեխային իրազեկելով  իր իրավունքների մասին: Եթե հայ կինն իրազեկված է իր իրավունքների մասին, ապա մեր Սահմանադրությունը և քրեական օրենսգրքի բռնության մասին հոդվածն ամբողջովին կարգավորում են այս խնդիրները: Արդեն մեծ բան է, եթե մենք հանդուրժում ենք «նման մարդկանց»: Զարմանում եմ, թե ինչի համար են վերջիններս (ԼԳԲՏ ներկայացուցիչները՝ խմբ.) ցույցեր և երթեր անում, ասելու համար, որ իրենք այլասերված կին կամ տղամա՞րդ են: Բարի եղեք ձեր պատերի ներսում անել ինչ ուզում եք և ոչ հասարակական վայրերում: Եվ եթե ձեր նկատմամբ բռնություն կկիրառվի, նույն բռնության մասին առկա օրենքով էլ ձեր իրավունքները պաշտպանեք: Բայց դուք իմ իրավունքներն եք ոտնահարում, երբ ելնում եք և ինձ համար տհաճ պաստառներով, վանկարկումներով, տհաճ հագուկապով հեղեղում եք իմ հասարակությունը, որտեղ ես փորձում եմ սերունդ դաստիարակել»,- ասաց հասարակական գործիչ, ազգային պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը:

Ռուզաննա Ղազարյան

Նույն շարքից