Քաղաքական 

ԱՄՆ Պիկո Ռիվերա քաղաքը բանաձև է ընդունել Քարվաճառը բարեկամ քաղաք ճանաչելու մասին. ԼՂՀ ԱԳՆ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը ս.թ. ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ։ Քարվաճառը և Արցախի Հանրապետությունը հազարամյակների հարուստ պատմություն ունեն և հայ ժողովրդի պատմության և մշակույթի բաղկացուցիչ մաս են կազմում։

Պիկո Ռիվերայի քաղաքային խորհուրդն իր բանաձևում ընդգծում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Կալիֆոռնիայում հայ ժողովրդին աջակցելու երկարամյա ավանդույթը, ինչը մասնավորապես դրսևորվել է 1890-ական թվականներին Սուլթան Համիդի ջարդերից և 1915-23 թթ․ Ցեղասպանությունից փրկվածներին ապաստան տրամադրելու մեջ։

Բանաձևն ընդունվել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի օժանդակությամբ։

Նույն շարքից