ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի պատճառով այս ամառ ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են՝ ցույց են տալիս գերմանական Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալները:
Ifo-ն գրեթե 1200 փորձագետների շրջանում և ավելի քան 110 երկրներում եռամսյակային հարցում է անցկացրել: Նրանց պատասխանները ցույց են տվել, որ երրորդ եռամսյակում վատթարացել են ինչպես ընթացիկ պայմանները, այնպես էլ տնտեսական սպասելիքները, հաղորդում է Reuters-ը:
«Փորձագետները համաշխարհային տնտեսության աճի առավել ցածր տեմպեր են ակնկալում: Հարցվածները նաև ակնկալում են անձնական սպառման կրճատում, առավել ցածր ներդրումային ակտիվություն և կարճաժամկետ ու երկարաժամկետ տոկոսադրույքների նվազեցում»,- ասել է Ifo-ի նախագահ Քլեմենս Ֆյուստը՝ հավելելով, որ առևտրային ակնկալիքներն ամենացածրն են եղել անցած տարի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտի սկզբից: