Քաղաքական 

Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի հայ համայնքները Վիլնյուսում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Բալթյան երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները ապրիլի 24-ին հավաքվել են Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ միասնական ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է Վիլնյուսում գտնվող tert.am-ի թղթակիցը։

Ընդհանուր առմամբ հատուկ միջոցառումներին մասնակցել է 200-ից ավելի մարդ. Էստոնիայից և Լատվիայից Վիլնյուս մեկնած հայերին միացել են նաև տեղացիները: Մասնավորապես՝ Լիտվայի Սեյմի պատգամավորներ, մտավորականներ:

Ներկաները ծաղկեպսակներ են դրել Լիտվայի Ցեղասպանության թանգարանին կից խաչակիր կոթողին: Տեղի է ունեցել մոմավառություն:

Ցեղասպանության թանգարանի դահլիճում տեղի է ունեցել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լիտվերեն թարգմանության շնորհանդեսը: Շնորհանդեսն ուղեկցվել է մտավորականների ելույթով: Խոսքով հանդես է եկել նաև Լիտվայում, Էստոնիայում, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Այս արարողությանը հաջորդել է Սբ Պողոս-Պետրոս տաճարում մատուցված պատարագը, որը  կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները համատեղ  են մատուցել, ինչն աննախադեպ է: Գրաբարով աղոթք է հնչեցրել Նոր Նախիջևանի՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը: Հոգևորականները և հավատացյալները միասին աղոթել են հանուն խաղաղության և մասնավորապես Հայոց ցեղասպանության զոհերի հոգու հանգստության համար:

Հաջորդ տարի նախատեսվում է պատարագը մատուցել Լիտվայի մայր տաճարում:

Նույն շարքից