Բաթմանում 2011թ.-ի ապրիլի 24-ին, զինծառայության ընթացքում սպանված Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ հիշատակի արարողություն է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։
Հայոց ցեղասպանության հիշատակի պլատֆորմի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել սփյուռքահայեր, ինչպես նաև Հայաստանի առաջին արտգործնախարար, ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրանք Սևակի գերեզմանին մեխակներ են դրել։
Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն։ Նա անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ նշելով, որ այն ուրախալի է, սակայն սպանությունները պետք է բացահայտվեն։
«Հարյուր տարի առաջ Ցեղասպանություն է տեղի ունեցել։ Ես էլ ցեղասպանությունից փրկվածի ժառանգ եմ։ Առաջ այդ մասին խոսել չէինք կարող, այժմ կարող ենք ասել։ Այդ ցեղասպանությունից անտեղյակ երիտասարդներ կան, նրանք էլ արդեն պետք է իմանան այդ մասին»,-ասել է նա։
Սևակի հայրը՝ Կարապետ Բալըքչըն, նշել է, թե Էրդողանից ակնկալում էր լսել նաև Սևակ Բալըքչըին հիշատակելու խոսքեր։