Շատ լավ համագործակցում ենք, շատ լավ ենք աշխատում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես հաջողվեց լեզու գտնել Հայաստանի նոր իշխանությունների հետ:
Զաքարյանը նշեց, որ հաջորդ անգամ, երբ այդ հարցն իրեն ուղղեն, ինքն ավելի մանրամասն կարող է պատասխանել:
Այսօր խաղերի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ: Այս միջոցառումը, Զաքարյանի խոսքերով, ավանդական բնույթ է կրում, և մասնակիցներն ամեն անգամ այցելում են Ծիծեռնակաբերդ ու իրենց հարգանքի տուրքը մատուցում ցեղասպանության զոհերին:
Իշխան Զաքարյանը չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերին, իսկ երբ լրագրողը շարունակեց քաղաքական բնույթի հարցեր հնչեցնել, խաղերի մասնակից պատվիրակություններից մեկի անդամը բորբոքվեց և հորդորեց վերջինիս քաղաքական բնույթի հարցեր չտալ, և այդ հարցերը պահել մյուս առիթների համար, քանի որ, նրա խոսքերով, այսօր այդ օրը չէ: