Գլխավոր Հասարակություն 

Ադրբեջանում հայտնված զինվորն անապահով ընտանիքից է, մայրը վատառողջ է, եղբայրը՝ զինծառայող

analitik.am

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ղազարյանը Եղեգիս համայնքից է:

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի խոսքով, Արայիկ Ղազարյանի ընտանիքը «համեստ, կազմակերպված, սոցիալապես անապահով ընտանիք է»։ Ինչպես մյուս գյուղացիները, այնպես էլ Ղազարյանների ընտանիքը գյուղատնտեսությոմբ և անասնապահությամբ են զբաղվում։ Արայիկի ավագ եղբայրը պայմանագրային զինծառայող է։

«Հենց զանգ են տվել, հայրը անմիջապես Ստեփանակերտ է մեկնել, դեռ չի վերադարձել, երբ վերադառնա, կիմանանք՝ ինչ է կատարվել։ Իսկ մայրը վատառողջ կին է, նախապես բուժքույր էինք հրավիրել, հակահետախուզությունից եկած տղաներին էլ ասեցինք, որ պետք չէ, որ հետը խոսեն, թող եղբայրն ասի։ Եղբոր հետ զրուցեցինք,  խորհուրդ տվեցինք մորն ասել, որ Արայիկը հետախուզության է դուրս եկել, մառախուղ է եղել, ճանապարհը շփոփել է՝ անցել  հակառակորդի կողմ»,- Analitik.am-ի հետ զրույցում պատմեց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Արայիկը վերջերս էր արձակուրդ եկել տուն, շատ նորմալ տրամադրություն ուներ։ «Ասում են՝ միայն եղբոր հետ է կիսվել, ինչ-որ հաղորդագրություններ է ուղարկել եղբորը, բայց դրանից մենք տեղյակ չենք, չենք էլ իմանա, քանի որ հակահետախուզությունն է զբաղվում։ Երեկ երեկոյան էլ իրենց տանն էի, շատ դժվար է, բոլորս անակնկալի ենք եկել»,- ասաց Ստեփանյանը և կտրականապես բացառեց առևանգման վարկածը։ Որպես պատերազմ տեսած մարդ՝ Արթուր Ստեփանյանը գիտի, թե ինչ կլիներ, եթե առևանգում տեղի ունենար։Նաև՝ արցախյան ազատամարտի մասնակցի իր դառը փորձից գիտի, թե որքան դժվար գործընթաց է ռազմագերուն հետ վերադարձնելը։ «Աստված տա ամեն ինչ բարեհաջող անցնի, որովհետև մենք դեռ չգիտենք՝ ինչ փորձություններ են սպասվում խեղճ երեխային», -եզրափակեց մեր զրուցակիցը։

ՊՆ-ն հայտնել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նույն շարքից