Ապրիլի 24-ին Թել-Ավիվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային հանրահավաք է կազմակերպվել: Այս մասին «Նոյան Տապան» հայկական մշակութային կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կոնսունսկիին վկայակոչելով հաղորդում է «Երկրամաս» պարբերականը:
Համաձայն աղբյուրի, այս տարի կազմակերպված հանրահավաքին, ի տարբերություն նախընթաց տարիների, մեծ թվով իսրայելցիներ են մասնակցել` ավելի քան 500 մարդ: Թուրքիայի դեսպանատան դիմաց կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել երկրի բոլոր քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչներ: Նրանց են միացել իսրայելական երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ցեղասպանության դեմ պայքարի կոմիտեի ներկայացուցիչներ, հայտնի գրող եւ լրագրող Յաիր Օրոնը, ինչպես նաեւ «ՄԵՐԵՑ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ: Հանրահավաքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի եւ ԱՄՆ դեսպանատների առաջ:
Հայամետ ակտիվիստ Յարոն Վայսը ելույթով է հանդես եկել, որտեղ մեդարանքներ է հնչեցրել Թուրքիայի իշխանությունների հասցեին` պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու համար եւ կոչ է արել Իսրայելի խորհրդարանին` դադարեցնելու ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ:
Բողոքի ակցիա է ընթացել նաեւ Պետահ-Տիկվա քաղաքում, որին մասնակցություն են բերել ոչ միայն տեղաբնակները, այլ նաեւ Երուսաղեմի հոգեւորականության եւ հայկական համայնքի ներկայացուցիչներ: