Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարությամբ կրկին չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց արդեն հենց զոհերի հիշատակի օրը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի վարչապետի ցավակցությունները վերաբերում էին ոչ միայն հայերին, այլեւ Օսմանյան կասրության բոլոր ժողովուրդներին, որոնք կոտորածների են ենթարկվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
«Այս հայտարարությամբ Էրդողանը եւս մեկ անգամ հաստատել է թուրքական տեսակետը, որ իրենց մոտ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդիր չկա, նրանք ունեն օսմանյան քաղաքացիներ, որոնք զոհ են գնացել ռազմական գործողություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»,-ընդգծել է Ալվրցյանը:
Այդ տեսանկյունից, ըստ նրա, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ հայտարարության արձագանքներին: «Բոլոր հետաքրքրված կազմակերպություններն ու քաղաքական կենտրոնները, որոնք կիսում են այդ կարծիքը, անմիջապես արձագանքեցին, ինչպես օրինակ Եվրամիությունը: Էրդողանի հայտարարությունը ողջունել է նաեւ ԱՄՆ-ը, որը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու քաղաքականության կրողն է»,-նշել է փորձագետը՝ հավելելով, որ իր այս քայլով Էրդողանը հայտարարությունների ավանդույթ է ձեւավորում, որի շրջանակներում ամեն տարի ապրիլի 24-ին հերքելու է Հայոց ցեղասպանությունը: