Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը 2014թ. ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր է հայտարարել: Այս մասին հաղորդվում է նահանգապետի պաշտոնական կայքում:
«1915-1923թթ հայերը չարչարանքների, սովի, զանգվածային սպանությունների եւ իրենց պատմական հայրենիքից վտարման են ենթարկվել: Մահացել է 1,5 մլն մարդ: Հայոց ցեղասպանությունը, որ նաեւ «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» անունով է հայտնի, բարգավաճող, ազնիվ քաղաքակրթության հետքերը վերացնելու Օսմանյան կայսրության կանխամտածված փորձն է եղել:
Աշխարհասփյուռ հայկական համայնքն այդ ողբերգությունը ապրիլի 24-ին է հիշում: Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանության զոհերի եւ մազապուրծ փրկվածների հիշատակին եւ հաստատում մեր նվիրվածությունը` յուրաքանչյուր ժողովրդի նկատմամբ հետագա չարագործությունները կանխարգելելու գործին»,- ասվում է հայտարարության մեջ: