Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսում» պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր Նիկոլ Փաշինյանին տեսնենք որպես նախագահի թեկնածու, ասաց, թե թեկնածու լինելն ինքնանպատակ չի դիտարկում:
«Քանի որ ես զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ, իսկ քաղաքացիական գործունեությամբ զբաղվում եմ «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում, ես չեմ կարող բացառել, որ կլինեմ նախագահի կամ պատգամավորի թեկնածու, չեմ էլ կարող վստահաբար պնդել, որ այդպես էլ լինելու է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց, թե նախագահական ընտրություններում չի առաջադրվելու միայն առաջադրվելու համար:
«Դա կլինի այն պարագայում, երբ տեսնեմ, որ այդ առաջադրումով մենք Հայաստանի քաղաքացիներին բերելու ենք կոնկրետ հաղթանակների»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այն դեռևս ձևավորման փուլում է, առաջիկայում կբացվի գրասենյակը և կայքը ու այն կթևակոխի իր գործունեության հերթական փուլը, որն ավելի տեսանելի կլինի հանրությանը:
«Կարծում եմ, որ մենք ավելի ճիշտ ենք շարժվում, քանի որ իմ կարծիքով պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել, այլ պետք է ինստիտուցիոնալ ճանապարհով գնալ: Հաջորդ կարևոր քայլը լինելու է քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովի գումարումը, որտեղ պետք է մի շարք կարևոր քաղաքական որոշումներ կայացվեն»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: