ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին հարցը։ Հանձնաժողովը որոշեց հարցն ընդգրկել առաջիկա քառօրյայում և առաջին ու երկրորդ ընթերցումը երկժամյա ռեժիմով կազմակերպել, որպեսզի օրենքը մայիսի 1-ից գործի։
Իսկ մինչ այդ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագծի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանին ասաց. «Պարտադրում են պահել, բայց իրավունք ունեն չփոխանցել, սա խնդիր է: Մենք էս նախագծով լուծում չենք տալիս, չենք ասում, որ առանց քո կամքը հաշվի առնելու որևէ գործատու իրավունք չունի պահում կատարելու: Ծանրաբեռնվելու է դատական համակարգը, սա՞ է պետք: Եթե այո, ուրեմն կարող ենք այս տեսքով անցկացնել նախագիծը»։
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց, թե Կառավարության և վարչապետի դիրքորոշումը հստակ է. «Ձևավորել մի միջավայր՝ փոխադարձ հասկացողության և ըմբռնողության մթնոլորտ, որ թույլ կտա մեր քաղաքացիների համար կարևորագույն նշանակություն ունեցող բարեփոխումներն իրականացնել»:
Ապա Արտեմ Ասատրյանը նշեց, որ կան հարցեր, և որ իրենք պատրաստ են դրանք մինչև վերջ լսել, քննարկել և տալ լուծումներ: «Վարչապետի մոտեցումն է, որ այս կարճ ժամանակահատվածում առաջին քայլը մենք կատարենք՝ ունենալով իրավիճակ, որտեղ այս փուլում գոնե առկա հարցերը պատասխան ստանան և ներկայիս ձևաչափով մասնակցության խնդիրներ ունեցող անձանց համար որոշակիություն լինի: Միաժամանակ, մենք ունենք ՍԴ որոշումը, բոլոր արձանագրված խնդիրները պիտի հստակ լուծումներ ունենան: Մենք կարծում ենք, որ չպետք է հիմա մի քայլ անենք, որ հետո դրա հետ կապված ճշգրտումներ անենք, իսկ այս հատվածում վերահաշվարկի դրույթներին ամբողջությամբ անդրադառնալն իրոք խնդրահարույց է, բայց այն խնդիրները, որոնք կան, ու որոնց այսօր պատասխան պիտի տանք, պետք է այս նախաձեռնության շրջանակներում պատասխան ստանան՝ նկատի ունենալով, որ ամբողջական փաթեթով պիտի բոլոր հարցերին պատասխան տրվի»,- ասաց նա:
ՀՅԴ պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք այս նախագիծը կարող է թուլացնել լարվածությունը, որ առկա է հասարակության մեջ և արդյոք նոր մեկնաբանությունների տեղիք չի տա այն դրույթը, որ գործատուն պարտավոր չէ գումարները փոխանցել, ինչին նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց. «Լարվածությունը պետք է նայել ամբողջականության մեջ, ի վերջո, նպատակը քաղաքացիների սոցիալական պաշտպանությունն ապահովելն է։ Այս խնդրի հետ կապված հաղթողներ ու պարտվողներ չկան, քաղաքական մոտեցումը հստակ է` պիտի խնդիրներն ամբողջական լուծումներ ունենան, կարծում եմ այս օրենսդրական քայլով կարող ենք առաջ գնալ, քանի որ խնդիրների ամբողջական լուծումը պահանջում է ավելի շատ ժամանակ»:
ՀՅԴ պատգամավորը նաև հարցրեց. «Մինչ այս պահը փոխանցված գումարները հնարավոր համարո՞ւմ եք, որպեսզի դատական կարգով պարտադրվի գումարները ֆոնդից կամ կամուրջ հաշվից պահանջել։ Այս նախագիծը տալի՞ս է այդ հնարավորությունը, որպեսզի դատական կարգով հետ պահանջվի»։
«Բնականաբար դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, և այդ առումով քաղաքացին կարող է դիմել, և մենք այդ առումով որևէ սահմանափակում չենք կարող ունենալ, բայց կարծում եմ, որ այս գործընթացի պարագայում պիտի ունենա այն կոնսենսուսը, որն անհրաժեշտ է կենսաթոշակային բարեփոխումները բարեհաջող իրականացնելու համար»,- ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր հերթին հավելեց, թե նոր նախագծի քաղաքական նպատակն է ժամանակավոր սառեցնել բոլոր հարաբերությունները, որ մինչև վերջնական որոշումը հետևանքներ չլինեն:
Հակոբյանը նշեց, որ կփորձեն նախարարի ու վարչապետի հետ բաց տեղի լուծումը գտնել: Իսկ բաց տեղն այն է, որ այս նախագծով հաշվարկի սկզբունքը չի կարգավորվում: