ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայում մասնակցել է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի երկրորդ օրվա նիստին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով և ասել է, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ–ի գործընկերների հետ քայլեր ձեռնարկել հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձևավորելու ուղղությամբ, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձևաչափերի հետ:
«Գնահատելով Արևելյան գործընկերության անցած ճանապարհը՝ կարող ենք նշել, որ այն մեծ հաշվով հաջողված է եղել։ Ինչպես բազմիցս նշել եմ՝ այն առաջին հերթին հնարավորություն տվեց գործընկեր երկրներին համակարգելու և ընդլայնելու ներքին բարեփոխումները։ Հենվելով ընդհանուր արժեքների վրա` մենք ամրապնդեցինք մեր փոխգործակցության հիմքը»,– ասել է նա։
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Եվրամիությունն անցած հինգ տարիների ընթացքում համատեղ ծավալուն աշխատանք են կատարել. ամրապնդվել է մեր քաղաքական երկխոսությունը, համատեղ ջանքեր ենք գործադրում բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ։
«Համաձայնության ենք եկել ու ներդրել վիզաների դյուրացման մեխանիզմը, ինչը գործընկերության առաջին շոշափելի արդյունքներից է։ Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով ոլորտային համագործակցության շրջանակը։ Մենք հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձևավորելու ուղղությամբ, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձևաչափերի հետ»,– ասել է նա:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ գործընկեր երկրներից որևէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով, քանի որ Հայաստնաը չի ուզում «ընտրություն կատարել բարեկամների միջև, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ»։
«Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղի ենք ընտրել։ Արևելյան գործընկերությունը միայն ասոցացման համաձայնագիր չէ։ Դա ընդամենը գործիք է։ Երբ հայտարարում էինք «և՛, և՛» մոտեցման մասին, նկատի ունեինք այլընտրանք ունենալու հնարավորություն և ոչ թե համագործակցության այս կամ այն գործիքի ընտրություն։ Վստահ եմ, որ եթե մենք շարունակենք հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, հարգել միմյանց որոշումները և ընտրությունը՝ մեր համագործակցությունը կընթանա ճիշտ ճանապարհով։
Մենք անկեղծ հավատում ենք, որ միայն համագործակցության ճանապարհով ու համատեղ քայլերով է հնարավոր իրականություն դարձնել խաղաղ և բարեկեցիկ միասնական Եվրոպայի տեսլականը»,– նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահը վերջում նշել է, որ Արևելյան գործընկերությունը դեռևս իր ձևավորման փուլում որոշակի խնդիր ուներ: Մասնավորապես, հայտնի չէր, թե գործընկերներին ինչ սկզբունքով էին միավորել. երկրները տարբեր էին իրենց մոտեցումներով, իրենց ձգտումներով։
«Եվ կարծում եմ` սա է պատճառը, որ գոնե Արևելյան գործընկերության մի բաղադրիչը՝ տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը, այդպես էլ չաշխատեց: Ինձ համար մինչև հիմա հասկանալի չէ, թե ի՞նչ սկզբունքներով մենք և Ադրբեջանը միավորվեցինք մի գործընկերության մեջ. տարբեր հնարավորություններ, տարբեր մոտեցումներ, տարբեր ձգտումներ, և սա է պատճառը, որ այդ բաղադրիչը չաշխատեց: Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում գործընկերությունը շարունակվելու է, վստահ եմ, որ լինելու են բարդություններ, ինչպես առկա են այսօր, բայց նաև վստահ եմ, որ բոլոր այդ բարդությունները լուծվելու են խաղաղ ճանապարհով»,– ասել է Սերժ Սարգսյանը: