Կարսի Հալըքըշլա գյուղի դեմ դիմաց հայկական գյուղ է։ Նրանց բաժանող Ախուրյան (Արփաչայ) գետի ջուրը համատեղ են օգտագործում։ Դաշտում աշխատելիս ողջունում են միմյանց, սակայն իրար չեն ճանաչում։
Al Jazeera-ի թուրքական ծառայությունը գյուղացիների հետ խոսել է Ապրիլի 24-ի մասին։
Կարսի Դիգոր շրջանում գտնվող լուռ, հանդարտ, փոքրիկ մի գյուղ է Հալըքըշլան։ Գյուղի մոտ՝ գետի հակառակ կողմում, հայկական Բագարան գյուղն է։ Տները միմյանց են նայում։
Հալըքըշլայի գյուղացիները 1915թ.-ի դեպքերի մասին խոսել չեն ցանկանում։ Ցեղասպանության թեման օրակարգում պահելը սխալ են համարում։ Նրանք նշում են, որ 10 րոպեի հեռավորությամբ գտնվող Բագարան գյուղի հայերի հետ ոչ մի խնդիր չունեն։ Նրանք պնդում են, որ պետք է ոչ թե անցյալին, այլ ապագային նայել։ Սահմանի հակառակ կողմում գտնվողները նրանց հետաքրքրում են։ «Եթե սահմանը չլիներ՝ կգնայինք-կգայինք։ Միասին խաղաղ կապրեինք»,-ասում են։
Գյուղում հիմնականում տարեցներ ու երեխաներ են։ 700 բնակիչ ունեցող գյուղում մեծ թիվ են կազմում ազերիները։ Փոքրաթիվ քրդեր կան, որոնք հիմնականում գյուղ հարս են եկել։
Ամեն օր տեսնում են միմյանց, սակայն ոչ ոք գետի մեջտեղը չի հատում, քանի որ դա սահմանն է։ Սահմանը երբեմն կենդանիներն են հատում։ Նման դեպքերում սահմանը հատած կենդանիներին զինվորները տերերին են վերադարձնում։
Դիմացի գյուղի հայերին բարևում են, սակայն միմյանց լեզուն չհասկանալու համար զրուցել չեն կարողանում։ Գյուղի 59-ամյա բնակիչ Ֆաթմա Ույգունը պատմում է. «59 տարի ամեն օր, ամեն ժամ դիմացի հայերին եմ տեսնում։ Սակայն գնալ-գալ չենք կարողանում... Սահման կա։ Երանի կարողանայինք... Երբեմն ձեռքի շարժումներով միմյանց հետ հաղորդակցվում ենք, բարևում։ Նրանք մեզ ասում են «եկեք», մենք էլ նրանց ասում ենք՝ «դուք եկեք»։ Նման գեղեցիկ պահեր ենք ունենում»,-պատմում է նա։
Կցանկանայի միասին ապրեինք
Էմինե Գյուրդուքը երկու երեխաների մայր է։ Գյուղ Իգդիրից հարս եկած քուրդ է։ Նրան էլ է հետաքրքրում հայկական գյուղը։
«Շատ հետաքրքիր է։ Եթե սահմանը չլիներ՝ կգնայինք։ Երբեմն մտածում եմ, որ մեր գյուղի նամազի ձայները նրանք հաստատ լսում են։ Բայց ի՞նչ են զգում այդ պահին»,- ասում է նա։
Ներկային նայել է պետք
Ջաֆեր Քարադաղը գյուղապետն է։ Վերջին ընտրությունների ժամանակ իր ազգական, 25 տարվա գյուղապետի դեմ թեկնածություն է դրել ու հաղթել է։ 1915թ.-ի դեպքերի մասին խոսել չի ցանկանում։ Նա նշում է, որ երբ Ցեղասպանության մասին խոսակցություններն օրակարգ են գալիս, երկու կողմերը սկսում են միմյանց ավելի սառը վերաբերվել։ Նրա համոզմամբ՝ անցյալը պետք է մոռանալ և նայել ներկային։ Թեկուզ մեջտեղում սահման կա, սակայն որպես երկու հարևաններ խաղաղ ապրում են։
Եթե սահմանը չլիներ, միասին կապրեինք
Գյուղի տարեցներից Թևեքքյուլ Ույգունը նշում է, որ արգելքներն են բաժանում մարդկանց։ «Նրանք իրենց, մենք մեր հողերում ենք ապրում։ Խնդիրներ չունենք։ Ես կցանկանայի հայերի հետ միասին ապրել»,- ասում է նա։