Ամուլսարի հանքի շահագործումը բնապահպանական ռիսկեր չի պարունակում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, ով նաև Ամուլսարի շահագործման հարցով ձևավորված քննչական խմբի ղեկավարն է:
Նշենք, որ քրեական գործը հարուցվել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ:
Իվանյանն այսօր հայտնեց, որ վերլուծելով փաստական տվյալները, վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակության համար:
Խոսելով Ամուլսարի հանքի շահագործման ենթադրյալ վտանգների մասին՝ Իվանյանը մասնավորապես նշեց, որ ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, ՔԿ-ն կառավարությանն է ներկայացրել Ամուլսարի հարցով եզրակացության վերջնական տարբերակը: