Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջեց աշխատանքը:
ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովն առաջարկեց քվեարկության դնել ճանապարհային երթևեկության արագաչափերի և տեսախցիկների, ինչպես նաև Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կիրառման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ԱԺ Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որը ներկայացվել էր ԱԺ ոչ իշխանական քառյակի կողմից:
Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով նշեց, որ «քառյակը», կարևորելով տեսանկարահանող սարքերի, արագաչափերի և Երևանում կարմիր գծանշումներով վճարովի կանգառների կիրառման հետ կապված խնդիրները, առաջարկել է դրանց ուսումնասիրության համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: «Կարևորելով այս նախաձեռնությունը՝ մենք առաջարկում ենք մինչ քվեարկությունը 20 րոպե ընդմիջում վերցնել»,- ասաց Հակոբյանը:
ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: