Քաղաքական 

Տեսանկարահանող սարքերի և կարմիր գծերի հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացված «Տեսանկարահանող սարքերի և արագաչափերի, վճարովի ավտոկայանատեղիների և ԱՊՊԱ տուգանքների միջոցով բնակչության վրա ֆինանսական բեռը ավելացնելու մեխանիզմների ազդեցությունը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը ԱԺ մեծամասնությունը մերժեց՝ 52 կողմ, 62 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ։

Իսկ մինչ քվեարկությունը վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Նա նշեց, որ ապրիլի 22-ին, թեև նախագծի հարցով Հովիկ Աբարահմյանի նախաձաեռնությամբ լսումներ կազմակերպեցին, սակայն չորս քաղաքական ուժերի հարցերը ժամանակի գործոնի պատճառով չստացան իրենց ամբողջական պատասխանները, որոնք ուղղել էին պատկան մարմիններին։ Ուստի նա պնդեց, որ իրենք նույն մտադրությանն են և շարունակում են առաջարկել հանձնաժողով ձևավորել։

Այդ նպատակով նա քսան րոպե ընդմիջում խնդրեց, այնուհետև և՛ մեծամասնությանը, և՛ չորս ուժերին հրավիրեց քվեարկությունից առաջ «կոնսուլտացիանների»։

Քննարկումներից հետո ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, թե իրենք ներկայացրել են, որ քաղաքական մեծամանությունը համաձայն է, որ օրենքում փոփոխություններ լինեն, և այդ նպատակով արդեն իսկ Կառավարությունը հանձնաժողով է ստեղծել, ուստի ավելորդ են համարում ԱԺ-ում նույնպես նմանատիպ հանձնաժողով ստեղծելը։ «Այդ իմաստով համաձայնություն չունեցանք և խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասաց նա։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից Լևոն Զուրաբյանը նշեց, որ մեծամասնության պատճառաբանությունն էր, թե նախագծի ընդունումը կնշանակի անվստահություն սեփական կառավարության նկատմամբ, ինչն ըստ նրա՝ անընդունելի է, և իրենք պնդում են, որ ԱԺ-ն պետք է հանձնաժողով ստեղծի այդ խնդրի հարցով։ «Սա վկայում է ապակառուցողական դիրքորոշման մասին»,- ասաց նա։

Նաիրա Զոհարաբյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և նշեց, որ իրենք արդեն իսկ գնալով կոնպրոմիսի՝ մտածեցին, որ ԱԺ լսումները կարող են լուծում տալ, մինչդեռ համոզվեցին, որ պատկան մարմինները կրկնում էին, որ տուգանքները համաչափ են։ «Մենք մնում ենք այն տեսակետին, որ հարցը պետք է լուծվի ԱԺ-ում, ուստի դեմ ենք քվեարկելու»,- ասաց նա։ 

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան էլ նշեց, որ իրենք էլ հանձնաժողով ստեղծելուն կողմ են քվեարկելու և ըստ իրենց՝ կոմպրոմիսը տրամաբանական կլիներ։ 

Նույն շարքից