ermenihaber.am կայքի տեղեկություններով՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանն իր կուսակից գործընկերոջ՝ Էբրու Գյունայի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Ուրուգվայ:
Ըստ Diario Armenia-ի հայտնած տեղեկության՝ Փայլանը և Գյունայը Մոնտեվիդեոյում մասնակցել են Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցված պատարագին, որից հետո հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պոլսհայ պատգամավորը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Վռամյան» ակումբում Փայլանին դիմավորել են ավանդական աղուհացով և ջրով: Հանդիպման ժամանակ Փայլանը նշել է, որ ժողովրդավարացման միջոցով է միայն հնարավոր Թուրքիայում փոփոխություններ անել: Ժողովուրդների պայքարը Թուրքիայում նա անվանել է «պայքար ֆաշիզմի դեմ»:
Փայլանն ու Գյունայը մինչև օգոստոսի 24-ը նախատեսում են այցելել նաև Արգենտինա, Բրազիլիա և Չիլի:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես առաջինը ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ. ապրիլի 20-ին: Այդ օրը 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը:


