Քաղաքական 

«Նախարարները պատասխանատվության ենթարկվելու փոխարեն վերանշանակվում են». բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Այսօր առավոտյան բողոքի ակցիա է իրականացվել ԱԺ-ի դիմաց: S.O.S. Սեւան նախաձեռնության անդամները պահանջում են օրենսդիրներից դեմ քվեարկել Սեւանա լճից տարեկան յոթանասուն մլրդ խմ ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագծին:


Նրանք նշում են, որ սրանով դարձյալ Սեւանա լճի մակարդակն ավելի կնվազի: Տարիներ շարունակ բաց թողնված քանակությունը բավարարել է Արարատյան դաշտի ոռոգմանը, հիմա անհասկանալի է, թե ինչո՞ւ չի բավարարում: Մարտունի քաղաքի բնակչուհիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Սեւանի ափին ապրող բնակիչը կիմանա, թե ինչ գնով են Սեւանը բարձրացրել, 48 կմ-ից ջուր են բերել Սեւան, չեն բերել, որ այսօր Արարատյան հարթավայրում ձկնաբուծություն զարգացնեն: Չեն բերել, որ լրացուցիչ ձկնաքանակ բաց թողնեն, լրացուցիչ ձկնաբուծարաններ ստեղծեն, ձուկը աճում է ջրում, եւ թող բարի լինեն պահեն այնտեղ, որտեղ ջուր կա, եթե չկա, պետք չէ Սեւանը զոհեն, որպեսզի որոշ մարդիկ այդ աղտոտված եւ հորմոններով հարուստ ձուկը լցնեն հայ ժողովրդի վրա: Եթե ես յոթանասուն մլն խմ ջուր բաց թողնեն, առանց այն էլ հարյուր յոթանասուն բաց են թողնում, սա լրացուցիչ խնդիր է»:


Հարցին, թե այդ դեպքում Արարատյան դաշտի ոռոգման խնդիր չի՞ առաջանա, նա նշում է. «Եթե յոթանասուն տարի այդ Սեւանը այդքան ջրով Արարատյան դաշտավայրում մշակովի հողատարածքներ են ավելացել, հողեր են ավելացել, հերիքել է ջուրն այդ քանակով, հիմա ի՞նչն է պատճառը, որ  նորից ավելացնում են, եթե հողատարածքներ են ավելացրել, թող ասեն, քանի հա հողատեսք են ավելացրել: Իսկ ես գիտեմ, որ դա տանում են ձկնաբուծության, ամբողջ Արարատյան հարթավայրը դարձրել են լճեր»: Նա նշում է, որ բնակիչները ծայրահեղ քայլերի կարող ենք գնալ, որովհետեւ Սեւանի տարածքում ապրողների համար Սեւանը ամեն ինչ է:



Իսկ Բնության համաշխարհային հիմնադրամի աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը նշում է. «Ոռոգման ջրի սակավությունը բավարարելու պատճառով Սեւանից թողնել լրացուցիչ յոթանասուն մլն խմ  ջուր, ընդ որում որոշումը ցանկանում են իրականացնել հինգ տարի շարունակ, հարց է առաջանում՝ ի՞նչ հիմնավորմամբ է արվում: Ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա: Հարց է առաջանում՝ միգուցե դա արվում է այն պատճառով, որ մենք չե՞նք կատարել մեր պարտավորությունները Սեւանի ափամերձ տարածքները մաքրելո՞ւ: Նաեւ ունենք  տարբեր պաշտոնյաների եւ օլիգարխների օբյեկտներ, եւ Սեւանի բարձրանալու հետեւանքով կմնան ջրի տա՞կ, դա մեզ հիմք է տալիս, որ Սեւանի մակարդակը չբարձրանա՞: Ուրիշ հիմնավորում մենք չենք կարող տեսնել, որովհետեւ Սեւանի լճի ջրի որակը նոր սկսել է կարգավորվել: Նույնիսկ եթե օրենք ընդունվի հինգ տարով ջուր վերցնել, սկսի ջրի մակարդակն իջնել, նորից մենք կունենաք ջրի որակի փոփոխության խնդիրներ»:



Նա պահանջում է, որ դրա համար համապատասխան պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն, այդ դեպքում կլուծվի խնդիրը. «Ինչու ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում արտեզյան ավազանն այս վիճակի հասցնելու համար: Պետական բոլոր մարմիններից ասեմ ովքեր են պատասխանատուները. բնապահպանության նախարարությունը, որ տվել է  ջրօգտագործման թույլտվությունները, տարածքային կառավարման նախարարությունը՝ իր ջրային պետական կոմիտեով, որը չի վերահսկում այդ ամենը, նույնպես տեղյակ լինելով` քայլ չի ձեռնարկել, եւ Արմեն Գեւորգյանը, տեղյակ լինելով, հանգիստ ասում է,  թե մենք էսօր կորցրել ենք  այս ավազանը, այնպես է ասում, ոնց որ այլմոլորակայինները եկել, այդ ջուրը վերցրել գնացել են:



Եթե էս երկրում պատասխանատվության ինստիտուտը չի աշխատելու, մենք միշտ նման խնդիրներ ենք ունենալու: Այդ մարդիկ շարունակում են աշխատել, վերանշանակվում են, իսկ տարիներով կուտակված արտեզյան ավազանը, որ իրավունք ունենք օգտագործելու մեկ ամբողջ երեք մլն խմ տարեկան, օգտագործել ենք երկու անգամ շատ վերջին երկու տարում»:




Սկզբնաղբյուրը՝ http://galatv.am/hy/news/axararnery-patasxanatvutyan-entarkvelu-poxaren-veranshanakvum-en-boghoqi-akcia-i-dimac/

 

 

Նույն շարքից