Քաղաքական 

Հակոբ Հակոբյանն առաջարկում է Ադրբեջան գնացող գետերի վրա ջրամբարներ կառուցել

Ազգային ժողովում շարունակվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որն ընդհատվել էր նախորդ նստաշրջանին։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ ոչ ոք դեմ չէ Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով Սևանից ջրի բացթողնմանը, բայց միաժամանակ նշեց, որ պետք է մտածել, թե ինչպես պետք է ՀՀ-ն վերականգնի իր ջրային ռեսուրսները։

Պատգամավորը շեշտեց, որ պետք է ոչ միայն Եղվարդի, Վեդիի ջրամբարը և մյուս ջրամբարները լցնել, այլ ռեսուրսներ չխնայել այլ ջրամբարներ կառուցելու համար։ Նա հիշեցրեց, թե եղել է կառավարության որոշում, որ ՀՀ-ում 40 ջրամաբարներ պետք է կառուցել և պնդեց, որ կարևոր է այդ ջրամբարների կառուցումը։

Իսկ դրա համար ըստ նրա՝ լավ հնարավորություն է օգտագործել այն գետերը, որոնք Հայաստանից Ադրբեջան են գնում։ «Գաղտնիք չէ, որ մեր ամբողջ ջրային ռեսուրսները՝ Դեբեդ գետը, Որոտան գետը, Արփա գետը, բոլոր գետերը՝ դրանց վտակներով, կամ Վրաստանով են գնում Ադրբեջան՝ խառնվելով Դեբեդին կամ Աղստևին, կամ էլ ուղղակի գնում են Ադրբեջան։ Այսինքն՝ սա ևս մեկ անգամ մեզ ստիպում է մեր հակառակորդների հետ խոսելու նրանց լեզվով, կուտակել մեր ջուրը, սա լուրջ ռեսուրս է։ Օրինակ՝ մենք Նախիջևանին շուրջ 350-400 մլն խմ ջուր ենք բաց թողնում, այն դեպքում, երբ մենք ջուրը կարող ենք որպես լրացուցիչ ռեզերվ օգտագործել՝ Սևանից ջուր բաց թողնելու փոխարեն։ Մենք դա կարող ենք անել»,-ասաց նա։

Ըստ նրա, պետք է շատ լուրջ մտածել այդ ուղղությամբ գումարներ հայթայթելու մասին, որովհետև, հակառակ դեպքում, ավելի է խորանալու այն խնդիրը, որ կա այսօր։

Նույն շարքից