Քաղաքական 

Ձկնաբուծարանները շահույթ են ստացել, իսկ ջուրը հոսել է Կասպից ծով. Ն. Փաշինյան

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց, թե ինչու է ՀՀ կառավարությունը նախագիծ ներկայացրել Սևանա լճից հինգ տարի ժամկետով տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնելու և Արարատյան դաշտավայրը ոռոգելու նպատակով և պատասխանեց իր հարցին։

«Որովհետև պարզվում է, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի օգտագործելիության մակարդակը կրճատվել է ավելի քան 67%-ով։ Ինչո՞ւ է այդպիսի բան եղել, որովհետև ձկնաբուծական ընկերությունները կառավարության թույլտվությամբ անվերահսկելի կերպով խորքային հորեր են բացել, հորերից ջրերը լցրել են իրենց ամբարները, ամբարներում ձուկ են աճեցրել, ձուկը վաճառել, շահույթ են ստացել, իսկ ջուրը թափել են դրենաժային համակարգեր, որոնք հոսել են դեպի գետեր ու գնացել։ Այսինքն ստացվում է, որ տեղի է ունեցել քաղաքականություն, որ ջուրն արտեզյան համակարգից հանվել է և լցվել Կասպից ծովը։ Հիմա այդ ամեն ինչի հետևանքով Արարատյան դաշտավայրի շուրջ 8000 հա հայտնվել է անջրդի մնալու վտանգի առաջ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

ՀԱԿ պատգամավորն այնուհետև խոսքն ուղղեց իրենից առաջ ելույթ ունեցող ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին, ով նշում էր, որ եթե ոռոգման համար անհրաժեշտ է, ապա պետք է տալ այդ ջուրը գյուղացիներին։ «Ասում է, թե գյուղացին ջուր չունի։ Բա դուք եք ջուրը վերցրել, ձուկ արտադրել ու շահույթ ստացել, ո՞վ ա մեղավոր, դուք եք մեղավոր։ Արարատյան դաշտավայրի տասնյակ համայնքներ նույնիսկ խմելու ջուր չունենալու վտանգի առաջ են կանգնած։ 200 ավել խորքային հորեր, որ շատրվանում էին, չեն շատրվանում այլևս, նույնիսկ ատոմակայանի հովացման համակարգը հայտնվել է սպառնալիքի տակ»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ արտեզյան ջրերի հետ տեղի ունեցածը ազգային հարստության թալան է ոչ թե փոխաբերական իմաստով, այլ՝ բառի բուն իմաստով, որովհետև ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածն ասում է, որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը։ Նա նաև հղում արեց ՀՀ ջրային օրենսգիրքը, որտեղ նշվում է, որ ջրային ռեսուրսի օգտագործումը թույլատրվում է միայն դրա պահպանության և վերարտադրության սահմաններում, այսինքն՝ չի թույլատրվում օգտագործել այնպես, որ «գնա կորի, ինչպես արտեզյան ավազանի դեպքում է եղել»։

«Ի վերջո ՀՀ-ում կա քրեական օրեսգիրք, որի 285-րդ հոդվածը մինչև հինգ տարի ազատազրկում է նախատեսում ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման համար»,-ասաց նա և նշեց, որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերը սպառման եզրին են։

Փաշինյանը նկատեց, թե մինչև դեֆիցիտի մասին խոսելը նախ պետք է իրավական գնահատական տալ, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, ով է մեղավոր, մեղավորներին ենթարկել պատասխանատվության, հակառակ դեպքում նույն տրամաբանությամբ մի քանի տարի հետո Սևանը կչորանա։ Բացի այդ, ըստ նրա, կառավարությունը չի կատարել ջրային օրենսգրքով նախատեսված իր պարտավորությունները։

ՀԱԿ պատգամավորն ադրադարձավ մամուլում շրջանառվող այն անուններին, թե ովքեր են ձկնարդյունաբերությամբ զբաղվել այդ արտեզյան ջրերով։ «Ովքե՞ր են այդ ազդեցիկ մարդիկ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալքեսանյանը, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյան։ Ես չգիտեի, բայց անցած քառօրյային Հովիկ Աբրահամյանն ինձ ասաց, որ Վարդան Այվազյանն էլ այդտեղ լուրջ գործով է զբաղվում։ Հիմա հետաքրքիր է, Վարդան Այվազյանն ո՞ւմ դարդն ա լացում, գյուղացիների՞, թե՞ իր դարդը»,-ասաց նա և ավելացրեց, թե հանրությունը պետք է իմանա՝ այդ մարդիկ ինչքանով են կապված այդ խնդրի հետ և կրելու են պատասխանատվություն։

Փաշինյանը նաև հավելեց, թե ոչ պակաս լուրջ հարց է այն, որ այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս կառավարության ասած ՀՀ տնտեսական հրաշքի սնամեջ լինելը։ Նա հայտարարեց, որ դեմ է քվեարկելու Սևանից ջրառի մասին այդ նախագծին։

Նույն շարքից