ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրել էր խորհրդարանական խմբակցություններին՝ հաշվիչ հանձնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը վերահաստատելու համար, քանի որ սպասվում էր ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկություն։
Հիշեցնենք, որ «գազային» պայմանագրերի վավերացումից հետո ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ «Հայ ազգային կոնգրեսը», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» «Բարգավաճ Հայաստանը» և «Ժառանգությունը», հրաժարվել էին մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Խորհրդակցության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ չորս խմբակցությունները վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ չեն մասնակցի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Ավելին՝ ըստ նրա՝ ՕԵԿ-ը նույնպես ընդդիմություն դառնալուց հետո հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը չի կարող բաղկացած լինել միայն ՀՀԿ-ական պատգամավորներից:
Թե ինչպե՞ս է լուծելու իշխող մեծամասնությունն այս խնդիրը, երբ մյուս խմբակցությունները հրաժարվում են մասնակցությունից, Ռուբեն Հակոբյանը դժվարացավ պատասխանել: «Դա արդեն իրենք պետք է որոշեն: Կա ԱԺ կանոնակարգի 24-րդ հոդված, դա է, հիմա իրավական կազուս է ստեղծվում. վեցից հինգը հայտարարում են, որ իրենք չեն մասնակցելու աշխատանքին, մեծամասնությունը պետք է քննարկի, լուծում տա»,- նշեց նա:
Հարցին, թե խորհրդակցությանը փորձ արվե՞ց իրենց համոզել մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ ոչ։ Ըստ նրա Էդուարդ Շարմազանովը միայն ցանկանում էր հստակեցնել իրենց դիրքորոշումն այս հարցում։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք չստացվե՞ց համոզել ոչ իշխանական ուժերին մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, նշեց, որ իրենք համոզելու համար չէին հավաքվել, այլ՝ քննարկելու: «Մենք կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենքին»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հանձնաժողովը բաղկացած լինի բացառապես ՀՀԿ-ականներից, Շարմազանովը կրկնեց՝ իրենք կքննարկեն հարցը:
Նշենք, որ ԱԺ նախագահի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ «Հանրապետական» խմբակցության կողմից Գալուստ Սահակյանը և ՀԱԿ–ից՝ Հրանտ Բագրատյանը։ Իսկ Ռուբիկ Հակոբյանը, ով նույնպես առաջադրվել էր՝ ինքնաբացարկ ներկայացրեց։
Քվեարկությունը կլինի վաղը։