Հասարակություն գլխավոր 

Լիդիանը պատրաստ է կիրառել փորձագետների ներկայացրած 16 կետերից 15-ը

Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի ավազանի միջև որևէ կապ չկա, սակայն երկարաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցետրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի: Եվ երրորդ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը Դարփ-Որոտան-Արփա գետերի վրա հնարավոր է լինի, սակայն եթե Լիդիան ընկերությունը ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող 16 մեղմման միջոցը, այդ ռիսկերը կլինեն կառավարելի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Լիդիան ընկերությունը ծանոթացել է այդ եզրակացության հետ, իսկ մինչ այդ՝ նախաքննության ընթացքում, ընկերությունը ներգրավված է եղել որպես կողմ և աշխատել է փորձագետների հետ. «Լիդիանի փորձագետները պատրաստ են կիրառել 16 կետերից 15-ը: 10-ն արդեն իսկ կիրառվում են: 1 մեղմման միջոցն է, որ դեռ քննարկման փուլում է: Համաշխարհային բանկից գումար ստանալու համար Լիդիանն իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի համապատասխան ստանդարտին, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառվեն: ԷԼԼԱՐԴ-ի փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որն առաջարկում է մեղմման միջոցները կիրառել 500 տարի: Ըստ էության, Լիդիանը չի հրաժարվում 100 տարուց ավել կիրառել մեղմման միջոցներ, եթե դրա անհրաժեշտությունն ապագայում լինի»:

Փաշինյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը կծանոթանա ամբողջական փաստաթղթին  և դրա արդյունքում կգան որևէ եզրակացության:

Գրիգորյանը, խոսելով հարուցված քրեական գործի մասին, ասաց, թե ստացած վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ 1 տարուց ավել քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու:

Վարչապետի հարցին՝ կարճվելու է արդյո՞ք գործը, ՔԿ նախագահն ասաց, որ ուղղվածությունը դա է:

Նույն շարքից